«Եթե ունենայինք «Մոսադ»-ի նման հետախուզություն` կկարողանայինք Ապրիլյան գործողությունները կանխորոշել». Անդրանիկ Քոչարյան

Լրագրողներիի հետ զրույցում Ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին:

«Մենք ամռան 1-2 ամսվա ընթացքում ի մի կբերենք այս ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի Ապրիլյան դեպքերին վերաբերող այսքան տեղեկատվություն, որքան կա ԱԺ-ում: Այսօր ԱԱԾ-ից եմ ստացել Ապրիլյանին վերաբերող մեզ հետաքրքրող զեկույց, բայց մեզ մոտ հազարավոր էջեր են: Եվ այս ամբողջը պետք է համադրել, նաև` այս մեր հանդիպումների արդյունքում»,- ասաց նա` հավելելով, որ սեպտեմբերին պատրաստ կլինեն հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որոնք հուզում են բոլորին: Այսինքն` կհրապարակվեն թույլատրելի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գաղտնիություն պարունակող հարցերը՝ պետական գաղտնիքի մասին օրենքի բավարարումով։

Հարցին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի առաջին և երկրորդ հանդիպման ժամանակ հնչած պատասխաններում կայի՞ն հակասություններ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ խնդիրն այստեղ հակասությունները չեն, այլ ունեցած տեղեկությունների ամբողջացումը` հիշեցնելով, որ մինչ այս լսել են Արցախի ՊԲ հրամանատարին և այլ բարձրաստիճան զինվորականների:

«Հետախուզությունն ամեն ինչ չէ, որ կարող է անել, բայց մեր երկիրը մի օր պետք է ունենա այնպիսի հետախուզություն, ինչպիսին ունեն շատ երկրներ, որոնք կանխում են նմանատիպ շատ ավանտյուրաներ կամ գործողություններ, ինչպիսին «Մոսադ»-ն է, կամ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը, ՌԴ-ի համապատասխան կառույցներն են, որոնք այդ կարգի են և շարունակում են զարգացնել»,- ընդգծեց նա:

Հարցին` եթե ձեր ասած հետախուզությունն ունենայինք 2016-ին, կկարողանայի՞նք ճիշտ կանխորոշել, տեղորոշել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց` իհարկե:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողովը մասնակցության հրավեր ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին կրկին ուղարկե՞լ է, Անդրանիկ Քոչարյանն ասաց` ոչ, այժմ արդեն մասնակցության նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Յուրի Խաչատուրովը:

 

Տեսանյութեր

Լրահոս