
Եվրամիության մի քանի առաջնորդներ մտադիր են ներկա գտնվել Թրամփ-Պուտին նախատեսվող հանդիպմանը

Եվրոպական երկրների մի քանի առաջնորդներ մտադիր են իրավունք ստանալ՝ ներկա գտնվելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում պատրաստվող հանդիպմանը: Այս մասին հաղորդում է POLITICO-ն:
Ըստ հրատարակության աղբյուրի՝ ԵՄ-ի առանձին առաջնորդներ ձգտելու են հասնել Թրամփի և Պուտինի հանդիպմանը ներկա գտնվելու իրավունքին, ինչպես նաև ապահովել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը բոլոր բանակցություններին։
Նշվում է, որ եվրոպացիներն ամենից շատ վախենում են, որ Թրամփը կրկին «կբռնի Պուտինի կողմը» խաղաղության պայմանները որոշելու հարցում և կճնշի Զելենսկուն, որպեսզի նա համաձայնի Ռուսաստանի պայմաններին, հնարավոր է՝ երկրի արևելքում զգալի տարածքներ զիջելու գնով։
Հոկտեմբերի 16-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը հետո հայտարարել է, որ երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որին կհետևի երկու երկրների նախագահների հանդիպումը Բուդապեշտում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իր հերթին, հայտարարել է, որ արդեն հանձնարարել է հանձնաժողով ստեղծել այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։