
«Եկեղեցուն հետապնդում եք, ուզում եք կազմաքանդել, հիմա էլ, որպես հերթական քայլ, եկել եք եկեղեցու հովանու տակ գործող հեռուստաընկերությանը վնասելու». Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ օրակարգում Շողակաթ հեռուստաընկերությանը հեռարձակումից զրկելու օրինագիծն է։
ՔՊ պաշտոնյաները որոշել են, որ կարիք չկա հանրային միջոցները ծախսելու կրթական-մշակութային ծրագրերի վրա։
Չքնաղ տրամաբանություն է, իրոք. առանձին ալիք տրամադրված է լուրերին, որտեղ հանրության հաշվին լուսաբանվում է «մեծն առաջնորդի» ամեն փռշտոցը, իսկ հոգևոր, կրթական ու մշակութային հաղորդումներ հեռարձակող Շողակաթի համար մեր` հանրության միջոցները չեն ուզում տրամադրել։
Ու գիտե՞ք, չեն ալարել, օրենքի մեկ տողանոց փոփոխության համար մեկուկես էջանոց «հիմնավորում» են գրել` է՜լ տնտեսական խնդիրներ, է՜լ եվրոպական հեռարձակողներից օրինակներ…
Ինչի՞ համար եք էդ թատրոնը խաղում։ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին կալանավորել եք, Մայր Աթոռ եք մտել ձեր զորքերով, կաթողիկոսին ուղղակիորեն առնչվող վարույթ եք նախաձեռնել, հետապնդում եք ու անթաքույց հայհոյում եք եկեղեցու սպասավորներին` ձեր վարչապետի մակարդակով, հիմա ինչո՞ւ եք ձևեր թափում, երկար-բարակ տեքստեր եք գրում, թե այայա՜յ, տեսեք-տեսե՜ք, հանրային միջոցնե՜ր ենք տնտեսում, բանման…
Եկեղեցուն հետապնդում եք, ուզում եք կազմաքանդել, հիմա էլ, որպես հերթական քայլ, եկել եք եկեղեցու հովանու տակ գործող հեռուստաընկերությանը վնասելու։
Էդ ձևականություններն ո՞ւմ համար են»: