
«Հերթական իրականությունն է, երբ Գյումրիում իրավիճակը լարվում է Նիկոլի այցից հետո». Արթուր Գևորգյան

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց, նա ձերբակալվել էր երեկ՝ Գյումրու համայնքապետարանում գրեթե 6 ժամ դիմակավորված անձանց կողմից խուզարկությունից և բիրտ գործողություններից հետո։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը դեռ երեկ էր 168.am-ի հետ զրույցում ասել, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կալանավորի Գյումրու համայնքապետին։
Այսօր արդեն համադրելով իրադարձությունների զարգացման ընթացքը, քանդակագործը հիշեցրեց՝ շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի։
«Երեկ ամբողջ քաղաքապետարանը պարալիզացրել էին իրավապահները։ Սա հերթական իրականությունն է, երբ Գյումրիում իրավիճակը լարվում է Նիկոլի այցից հետո, ինչպես ցանկացած տեղ, որտեղ նա գնում է։ Ես ասում եմ դեպքերի շարունակականությունն ու զարգացումը, հետևությունները թողնում եմ հանրությանը։
Այստեղ որպես հիմք՝ մենք պետք է վերցնենք ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ասում էր՝ «Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեք հանրային ու քաղաքական կյանքից»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը։
Նրա խոսքով՝ գյումրեցին պետք է հարգի իր ընտրությունը, գնա իր ընտրության հետևից և իր վերաբերմունքն արտահայտի տեղի ունեցողի վերաբերյալ։
«Թե ինչ զարգացումներ կարող են լինել, դեռևս վաղ է խոսել, իրադարձությունները զարգանում են անտրամաբանական, հետևաբար՝ այս պահին տրամաբանված որևէ միտք արտահայտելն ուղղակի հնարավոր չէ։
Այս պահին վստահ մեկ բան կարող եմ ասել՝ մինչև Էջմիածնի համայնքապետի ընտրություններն արդեն տեղի են ունեցել մի շարք դեպքեր, երբ Փարաքարի ընտրված ընդդիմադիր համայնքապետն ուղղակի սպանվեց, Գյումրու ընտրված քաղաքապետը կալանավորվեց։
Ամեն դեպքում Հայաստանում չկա օր, շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն, մարդկանց չճնշեն, հանրային լեքսիկոնը՝ բռնենք, փռենք ասֆալտին, այս անենք, այն անենք, այս տրամաբանության մեջ է, ոչ թե՝ «ստեղծենք ու արարենք» տրամաբանության մեջ։ Բնականաբար, այս ամենը վտանգավոր է մեր երկրի ու ժողովրդի համար և հասկանալի էլ չէ, թե հաջորդիվ ինչ է սպասվելու»,- ընդգծեց Արթուր Գևորգյանը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել էին Գյումրու համայնքապետարան և իրականացրել էին խուզարկություն, որից հետո ձերբակալել էին համայնքապետարանի 6 աշխատակցի, համայնքապետին ու գլխավոր ճարտարապետին։
Վարդան Ղուկասյանին դիմակավորված անձինք համայնքապետարանի շենքի հետնամուտքից հանեցին՝ դուռը կոտրելու միջոցով, որից հետո համայնքապետարանի շենքի մոտ հավաքված գյումրիեցիների բազմության և Գյումրիի հրապարակում կենտրոնացված ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցավ բախում։ Այս պահին ձերբակալված է 33 քաղաքացի։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 1-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյան արձագանքելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Նշենք նաև, որ նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր, ինչպես երեկ գյումրեցիներն էին նշում՝ Նիկոլ Փաշինյանին որևէ գյումրեցի չի դիմավորել։