Բաժիններ՝

Կատարի էմիրը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտումները

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին աշ-Շուրայի խորհրդում իր ամենամյա ելույթում դատապարտել է «հրադադարի շարունակական խախտումները» Գազայում։ Այս մասին հայտնում է Al Quds պարբերականը։

«Մենք հաստատում ենք, որ դատապարտում ենք Պաղեստինում Իսրայելի բոլոր խախտումները և գործելակերպերը, մասնավորապես՝ Գազայի հատվածը մարդկային կյանքի համար անմարդաբնակ տարածքի վերածումը և հրադադարի շարունակական խախտումները», – ասել է ալ-Թանին։

Էմիրը ցեղասպանություն է որակել Իսրայելի կողմից պաղեստիցնի ժողովդի դեմ իրականացված գործողությունները։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը «ապահովել պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունը և երաշխավորել, որ ցեղասպանության մեղավորները չխուսափեն պատասխանատվությունից»։

Նա նաև դատապարտել է «Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները, Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնումը և ալ-Ակսա մզկիթը հրեականացնելու ջանքերը»՝ նշելով, որ «Իսրայելը խախտել է բոլոր միջազգային օրենքներն ու նորմերը՝ միջնորդի դերում հանդես եկող պետության դեմ իր ագրեսիայով»` նկատի ունենալով Իսրայելի հարվածները Դոհային։ Էմիրը հավելել է, որ Կատարը ենթարկվել է ինքնիշխանության երկու խախտման Իրանի և Իսրայելի կողմից՝ ընդգծելով, որ «Կատարը երկու հարձակումներից հետո դարձել է ավելի ուժեղ և դիմացկուն»։

«Մենք Իսրայելի ագրեսիան համարեցինք պետական ​​ահաբեկչություն, և միջազգային արձագանքն այնքան ուժեղ էր, որ ցնցեց այն իրականացնողներին», – նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս