«Ամեն մտածող մարդ կհասկանա, որ ես պարզապես չէի կարող մեր հասարակության մեծ մասին վիրավորել». Բաբկեն Թունյանը՝ իր հայտարարության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական  հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ նրա՝ միջադեպին նախորդած իր ելույթի շուրջ մինչև օրս տեղի են ունենում որոշակի քննարկումներ, ուստի առանց կոնկրետ անձերի անդրադառնալու՝ ցանկանում է որոշակի պարզաբանումներ անել:

«Հիմնական ասելիքս «Բանկային գաղտնիքի» մասին է: Երբ վարչապետը հայտարարեց, որ Կառավարության ներկայացրած 9-րդ ծրագրով աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա 20 մլն դրամից ավելի ավանդ ունեն, հիմք տվեց ենթադրելու, որ այդտեղ խախտվել է «Բանկային գաղտնիքը»: Սրա հիման վրա սկսեցին անել որոշակի հայտարարություններ, որ Հայաստանում «Բանկային գաղտնիքը» պաշտպանված չէ, բանկային համակարգին վստահել չի կարելի, և այլն: Շատ դեպքերում իրոք մարդիկ կարող էին նման կարծիք ունենալ, քանի որ մանրամասնորեն չեն տիրապետում ամբողջ ընթացակարգերին: Որոշ դեպքերում այս ամենն արվում էր միտումնավոր, որպեսզի մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե իշխանությունը կոնկրետ զբաղված է օրենք խախտելով»,- ասաց պատգամավորը:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ այժմ բոլորին հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իմացան, թե շահառուներից քանիսը բանկում ունեին 20 մլն դրամից ավելի ավանդներ:

«Այս հետաքրքրությունը հաշվի առնելով՝ ցանկանում եմ հստակ պատասխան տալ, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ չմնան: Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, նրա վերցրած վարկերի ծավալն իսկապես հանդիսանում է բանկային գաղտնիք, և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ: Սակայն ամփոփ տվյալների առումով պետական մարմինները, և՝ ոչ միայն, նաև լրագրողները կարող են հարցում անել և ստանալ: Տվյալ պարագայում բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել և ներկայացնել, թե իրենց միջոցով, օրինակ՝ աջակցություն է ստացել 30.000 շահառու և նրանցից քանի՞ հոգի են, որ ունեն 10 մլն դրամից ավելի ավանդ, 20 մլն դրամ ավանդ, և այլն»,- շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ ովքեր չեն հասկանում այդ ամենը՝  «սրիկա են կամ բութ», ըստ Թունյանի, նկատի է ունեցել այն մարդկանց, որոնք միտումնավոր ուղղակի մեղադրանք են հնչեցնում գործող իշխանությունների հասցեին:

«Եթե նշածս բացատրությունից հետո ինչ-որ մեկը կկարողանա ինձ բացատրել, որ սխալ եմ ասում, և դա ապացուցեն, ապա կասեմ, որ ես սխալ եմ: Բայց եթե մարդն այս ամենին տիրապետելով՝ անում է հայտարարություններ՝ կոնկրետ շահեր հետապնդելով, այս դեպքում խոսքս վերաբերել է այդ մարդկանց, այլ ոչ թե մեր մյուս հայրենակիցներին: Գուցե քաղաքական փորձառությունս այնքան մեծ չէր, որպեսզի խոսքս այնպես ձևակերպեի, որպեսզի շահարկումների առիթ չտար: Հուսամ՝ «Բանկային գաղտնիքի» մասով այլևս հարցեր չեն մնա: Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, որոնք առանձին նյութեր ու տեսահոլովակներ են նկարում, ինչպես խոստացել եմ՝ այլևս իմ ժամանակը չեմ ծախսելու այնպիսի թեմաների վրա, որոնք ոչ մի կառուցողական արդյունքի չեն տանում: Մեր հարկատուների փողերով, որոնցով մենք վճարվում ենք՝ որպես ԱԺ պատգամավորներ, օգտագործելու եմ շատ ավելի կառուցողական նպատակների համար: Կարծում եմ՝ ամեն մտածող մարդ կհասկանա՝ ես պարզապես չէի կարող մեր հասարակության մեծ մասին վիրավորել»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում բանավեճ էր տեղի ունեցել Բաբկեն Թունյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, որին միջամտել էր Սասուն Միքայելյանը, և միջադեպն ավարտվել էր ծեծկռտուքով: Միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին, մինչև տեղի ունեցածին չտրվի քաղաքական գնահատական:

 

Տեսանյութեր

Լրահոս