Որտեղ փնտրել բյուջեի 500 միլիոն դոլարը

Կառավարության գնահատումներով՝ այս տարի պետական բյուջեն կունենա 260 մլրդ դրամի ֆինանսական ճեղքված։ Դա այն գումարն է, որի մի մասը չի ստացվելու հարկերի հավաքման տեսքով։ Խոսքը շուրջ 170 մլրդ դրամի մասին է։

Ֆինանսական ճեղքվածքի մյուս մասը կապված է բյուջեի դեֆիցիտի ավելացման հետ։ Ինչպես հայտնի է, այն նախատեսվում է հասցնել ՀՆԱ 5 տոկոսին։

Բյուջեն կատարելու համար՝ ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի լրացուցիչ 500-540 մլն դոլար. նայած, թե ինչպիսին կլինի այդ պահին դոլարի փոխարժեքը։ Չհաշված, որ այն ծանրացնելու է պետական պարտքը և ստիպված ենք լինելու ըստ ամենայնի, դուրս գալ օրենքով ամրագրված պարտք-ՀՆԱ 60 տոկոսի առավելագույն տիրույթից՝ մի բան էլ դեռ պետք է մտածել, թե որտեղի՞ց ենք գտնելու այդ գումարները և ի՞նչ պայմաններով։

Այս առնչությամբ 168am-ը մի քանի հարցով դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին և Ֆինանսների նախարարությանը։ Պատասխանել է Ֆինանսների նախարարությունը։

Նախ ներկայացնենք հարցերը.

Հարց 1 Հայտնի դարձավ, որ ապրիլին Հայաստան է ժամանել ԱՄՀ-ի փորձագիտական խումբը, որի աշխատանքի արդյունքում հայտարարվեց, որ Հայաստանը իր վճարային բալանսի դեֆիցիտը ծածկելու համար ԱՄՀ-ից լրացուցիչ ստանալու է շուրջ 175 մլն դոլարի վարկային աջակցություն։ Ի՞նչ պայմաններով է տրվում այդ վարկը՝ տոկոսադրույք, մարման տարիներ, սպասարկման վճար, արտոնություններ։

Հարց 2 Հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը մակրոֆինանսական աջակցության գործիքով շուրջ 3 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերում հարևանության մի շարք երկրներին։ Հայաստանը այդ ցանկից դուրս էր, սակայն, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը վարկային մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։

Ի՞նչ տոկոսադրույքով, մարման ի՞նչ ժամկետով, սպասարկման ի՞նչ վճարով և ի՞նչ արտոնություններով է առաջարկվել ԵՄ տվյալ վարկային աջակցությունը։

Հարց 3 Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրերս հայտարարել է, որ Հայաստանի բյուջեի արտաքին պարտքային բեռն ավելանալու է շուրջ 500 մլն դոլարով։ Ի՞նչ աղբյուրներից և ի՞նչ պայմաններով է նախատեսվում այդ գումարի ձեռքբերումը։

Ի պատասխան վերոնշյալ հարցադրումների՝ Ֆինանսների նախարարությունը հայտնել է հետևյալը.

Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (SDR, 248.2 մլն ԱՄն դոլարին համարժեք) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Ս․թ․ մարտի 12-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ծրագրի երկրորդ վերանայումը, որի եզրափակմամբ ՀՀ-ի համար հասանելի կդառնան ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով վարկային միջոցներ։ Այնուամենայնիվ, Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ օգտագործելու Պահուստային ծրագրի շրջանակներում հասանելի միջոցները նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակներում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար)  ներգրավելու ուղղությամբ։ Արդյունքում, Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ ս․թ․ մայիսի 18-ին նախատեսվող նիստում հաստատվելու պարագայում ՀՀ-ի համար հասանելի կդառնան ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար)՝ սեպտեմբերին նախատեսվող՝ ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Հիմնադրամի՝ վերը նշված երկու գործիքները տրամադրվում են վարկավորման միևնույն պայմաններով՝

  • մարման ժամկետ վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետը՝ 3.25 տարի․ տրամադրվելիք վարկերը ենթակա կլինեն մարման 2023-2025 թվականներին,
  • տոկոսադրույք վարկի տոկոսադրույքը բաղկացած է` ՀՓԻ-ի տոկոսադրույքից և փոփոխական մարժայից: ՀՓԻ-ի տոկոսադրույքը սահմանվում է շաբաթական կտրվածքով (նվազագույնը 0.05%), իսկ մարժան՝ Հիմնադրամի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար և ներկայումս այն կազմում է 1%,
  • տոկոսավճարի հավելավճար, որի հաշվարկը փոխկապակցված է Հիմնադրամում ՀՀ քվոտայի հետ, որը ներկայումս կազմում է 128.8 մլն ՀՓԻ: Քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում վճարվում է հավելավճար` 2% դրույքաչափով (գերազանցող մասի համար), իսկ երեք տարի անց քվոտայի 187.5%-ը գերազանցելու դեպքում` տարեկան լրացուցիչ 1%,
  • ծառայության վճար վճարվում է միանվագ՝ յուրաքանչյուր մասհանված գումարի
    5%-ի չափով,
  • պարտավորության վճար պարտավորության տարեկան վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ և համամասնորեն վերադարձվում է՝ ծրագրի հաջող իրականացմանն ու մասհանումների տրամադրմանը համահունչ: Պարտավճարը հաշվարկվում է 0.15% դրույքաչափով` քվոտայի 115%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափով` քվոտայի 115%-ից մինչև 575%-ը և 0.6% դրույքաչափով` քվոտայի 575%-ը գերազանցող գումարների դեպքում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) մակրոֆինանսական աջակցությունը տրամադրվում է միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի, ինչպես նաև վարկերի և դրամաշնորհների համադրման եղանակով: Դրամաշնորհները հատկացվում են ԵՄ բյուջեից, իսկ վարկային միջոցները Եվրոպական հանձնաժողովը փոխառում է կապիտալի միջազգային շուկաներից և, այնուհետև, գրեթե միևնույն պայմաններով (անվանական գումար, արժեկտրոն, մարման ժամկետ) ենթավարկավորում շահառու երկրին: ԵՄ խորհրդի և ԵՄ խորհրդարանի որոշմամբ սահմանվում են յուրաքանչյուր երկրի համար ծրագրի ֆինանսավորման չափը և կառուցվածքը, մասնաբաժինների քանակը, վարկային բաղադրիչի համար վարկի առավելագույն (միջին) ժամկետը:

Մակրոֆինասնական աջակցության գործիքն ունի բացառիկ բնույթ և գործի է դրվում վճարային հաշվեկշռի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջինիս տրամադրման համար նախապայման է հանդիսանում Հիմնադրամի հետ մասհանման փուլում գտնվող ոչ կանխարգելիչ ծրագրի առկայությունը, և հատկացվում է՝ ի լրումն Հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ներկա պահին հնարավոր չէ տրամադրել մակրոֆինանսական ծրագրի շրջանակներում հնարավոր վարկի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ կողմերի միջև դեռևս առկա չէ նշված գործիքից օգտվելու հստակ պայմանավորվածություն, և վարկավորման պայմանները ուղղակիորեն կախված կլինեն դրանց մասհանման պահին կապիտալի միջազգային շուկայում ձևավորված կառուցվածքից:

Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից լրացուցիչ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառու միջոցներ ներգրավելուն, ապա հայտնում ենք, որ նշված գումարի մեջ ներառված են Հիմնադրամի կողմից ներգրավվելիք շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային միջոցները՝ համաձայն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության։

Մյուս կողմից, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում է փոխառու միջոցների ներգրավման բոլոր հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում առավել շահավետ պայմաններով լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հ.Գ. Ֆինանսների նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ առայժմ կառավարությանը հաջողվել է լուծել միայն 315 մլն դոլարի հարցը։ Թեև դա էլ դեռ վերջնական չէ։ Շատ բան կախված է լինելու ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի մայիսի 18-ին կայանալիք նիստի արդյունքներից։ Այդ նիստում պետք է որոշվի ակնկալվող 175 մլն դոլարի հարցը։

Տեսանյութեր

Լրահոս