Դավաճանությունը բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների և սովորական մարդկանց շրջանում համարվել է, համարվում և միշտ էլ կհամարվի ամենակեղտոտ ու նողկալի արարքը. Արման Աբովյան

«Կամուրջ» հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Դավաճանությունն իր էությամբ միշտ, բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների և սովորական մարդկանց շրջանում համարվել է, համարվում և միշտ էլ կհամարվի ամենավտանգավոր, ամենանվաստացուցիչ, ամենակեղտոտ և նողկալի արարքը։

Ի դեպ, կա շատ լավ աշխատանք մեծ հոգեբան Ալֆրեդ Ադլերի կողմից, որտեղ նա նկարագրում է մարդու բնույթը՝ մասնավորապես դավաճանի բնույթը։
Եվ այստեղ եզրակացությունը մեկն է՝ անկախ բարոյական կամ ինտելեկտուալ բաղադրիչից, կրթության մակարդակից, նյութական վիճակից կամ կյանքի փորձից՝ դավաճաններն իրենց էությամբ մարդիկ են, որոնց մեջ միախառնված են երկու հիմնական հատկանիշ՝ նախանձը և ագահությունը։
Դավաճանը կարող է լինել շատ քաջ մարդ՝ դասական իմաստով, սակայն միևնույն ժամանակ նա մարդ է, որի համար անձնական հարմարավետությունը շատ ավելի կարևոր է, քան ներքին ( բարոյական) բավարարվածությունը։
Այսինքն՝ դավաճանը իր էությամբ հիպերտրոֆացված կոնֆորմիստ է։
Վերցնենք Հուդայի օրինակը։ Հուդան իր էությամբ գնաց Քրիստոսին դավաճանելու՝ բացառապես ելնելով նախանձից դեպի Հիսուս Քրիստոսը (Մատթեոսի Ավետարանում սա նկարագրված է բավականին պատկերավոր), և անձնական ֆինանսական շահի նպատակով (30 արծաթ), նա դավաճանեց Աստծու Որդուն։ Փողը, նախանձը և ներքին անհանգստությունը՝ այն գիտակցությունից, որ դու այնպիսին չես, ինչպիսին են «կյանքում հաջողվածները», հենց դա է դավաճանության իրական բնույթը։
Սակայն դավաճանը հասկանում է իր արարքի ողջ սարսափելի էությունը, ուստի փորձում է արդարացնել իր քայլը միշտ նմանատիպ արտահայտություններով․
Ես դա անում եմ ուրիշների բարօրության համար։
Ես ստիպված եմ դա անել՝ ուրիշներին օգնելու համար։
Ես պետք է ընտանիքս կերակրեմ։
Ես չէի ուզում, ինձ ստիպեցին։
Մեղավորը ես չեմ, այլ նրանք, ովքեր ինձ հասցրեցին այս քայլին։
Ես ձեզ չեմ դավաճանել, դա արել են ինձանից առաջ։
և այլն…
Ադլերը շատ հստակ ցույց է տալիս, որ դավաճանությունը իր էությամբ հիպերտրոֆացված ռեալիզմի դրսևորում է, որը բացառում է որևէ բարոյա-էթիկական սահմանափակում։ Այո՛, հենց այդպես է՝ դավաճաններն իրենց էությամբ ռեալիստներ են, բայց… այդ հիպերտրոֆացված ռեալիզմը դավաճանին թույլ չի տալիս հասկանալ, որ իր արարքը լուծում է միայն տվյալ պահի խնդիրները, մինչդեռ ռազմավարական առումով դավաճանը դատապարտված է բարոյական ճնշման և մշտական թերարժեքության զգացման…
շարունակելի է»։

Տեսանյութեր

Լրահոս