Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին. հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

«Հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով ներկաներին, անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելությանը։

Խոսելով երկու երկների սերտ հարաբերությունների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։

Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև հայ համայնքի նկատմամբ Արգենտինայի իշխանությունների հոգածու վերաբերմունքին, ինչպես և արգենտինահայերի կարևոր ներդրմանը երկրի զարգացման գործում:

Վերջում Նորին Սրբությունը բարի արդյունքներ մաղթեց պատվիրակության առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս