Կորոնավիրուսի կասկածով 2333 քաղաքացի տեղափոխվել է տարբեր ԲԿ-ներ. «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
Մայիսի 4-ից՝ արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո, Շտապ օգնության կանչերի թիվը չի ավելացել. 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Հունվար-փետրվարին ունեցել ենք կանչերի բավականին բարձր թիվ: Դրանք հասել էին 900-950-ի: Այսօր Շտապ օգնության կանչերը կազմում են 600, 650, 654 կանչ օրական: Կանչերի բարձրացման տենդենց չենք ունեցել մայիսի 4-ից»:
Կանչերի նվազումը Թագուհի Ստեփանյանը պայմանավորում է նրանով, որ մարդիկ տանն են և քիչ են շփվում միմյանց հետ: Իսկ կանչերի քանի՞ տոկոսն է կորոնավիրուսի վարակով պայմանավորված:
«Մենք ի սկզբանե «կորոնավիրուս» դիագնոզ չենք տալիս: Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին՝ մինչև ամսի 6-ը, կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 2333 հիվանդ: Դրանք այն հիվանդներն են, որոնք ունեն սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբի կասկած, նման հիվանդներին տեղափոխել ենք համապատասխան բուժհիմնարկներ, քանի որ կորոնավիրուսով վարակվածին պետք է տարանջատենք: Եթե գիտենք թիվը հանրապետությունում, կարող ենք պատկերացնել, թե ինչքա՞նն են եղել կորոնավիրուսով վարակված»,- ասաց Ստեփանյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ հունվար-փետրվարին սուր շնչառական հիվանդություններն ավելացել են նաև այլ գրիպների առկայությամբ պայմանավորված: Ստեփանյանն առանձնացրեց այն երեք խնդիրները, որոնցով պայմանավորված առավել հաճախ են դիմում Շտապ օգնության ծառայությանը:
«Հիմնականը սիրտ-անոթայինն են, հետո՝ սուր շնչառականը, հետո՝ վնասվածքները: Հիմնականում ձմռան ամիսներին կանչերի ավելացում միշտ ունենում ենք: Եթե համեմատենք 2019-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա 800-850 կանչ ենք սպասարկել, բայց այն, ինչ հիմա ունենք, գրեթե մի քանի տարի չենք ունեցել՝ 600-650 կանչ»,- ասաց Ստեփանյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը չի ժխտում՝ որոշ կանչեր պայմանավորված են լինում նրանով, որ քաղաքացիները պարզապես շատ են անհանգստացած ստեղծված իրավիճակով: