Բաժիններ՝

Ավելի քան 928 մլն դրամ աջակցություն՝ ավելի քան 515.000 բնակչի. ՀԷՑ

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու ծրագրով կառավարությունն ավելի քան 928 մլն դրամ գումար է փոխանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ փետրվար ամսվա ընթացքում մինչև 10.000 դրամ էլեկտրաէներգիա սպառած հաճախորդներին ծախսի 50% և 30% փոխհատուցելու համար:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են, որ մինչև 5000 դրամի էլեկտրաէներգիա սպառած բաժանորդներին տրված փոխհատուցման գումարը կազմել է ավելի քան 310 մլն դրամ, բաժանորդների թիվը եղել է ավելի քան 235.000:

Ինչ վերաբերում է մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիա սպառած բաժանորդներին, ապա կառավարության տված փոխհատուցման գումարը կազմել է ավելի քան 618 մլն դրամ, և այդ փոխհատուցումը, ՀԷՑ-ի փոխանցմամբ, ուղղվել է ավելի քան 280.000 բաժանորդի:

Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ ծրագրով նախատեսում էր փոխհատուցել 2020 թվականի փետրվար ամսին մինչև 5000 ՀՀ դրամ էլեկտրաէներգիայի սպառում ունեցող քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի գումարի 50%-ը, իսկ 12-րդ ծրագրով՝ մինչև 10.000 ՀՀ դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիների՝ սպառած գումարի 30%-ը:

Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշել են աջակցել նաև այն բաժանորդներին, որոնք 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառել են 10.000-ից մինչև 25.000 ՀՀ դրամի էլեկտրաէներգիա: Կառավարությունը նախատեսում է փոխհատուցել այդ բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի 30%-ը:

Այս ծրագրի շահառուների թվի, ինչպես նաև տրամադրված աջակցության չափի մասին տեղեկությունը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս