«Ոչ թե արտաքին քաղաքականությունն եք սկսել զրոյից, պարոն վարչապետ, այլ Դուք եք զրոյացրել արտաքին քաղաքականության կշիռը». Արմեն Աշոտյան

«Այսօր ձեզանից շատերը իրենց լրատվական օրը սկսել են` ունկնդրելով ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, թե ինչ երջանիկ ու բարեկեցիկ է ապրում այն ժողովուրդը, որը ժամանակին վստահեց իրեն ՀՀ-ն ղեկավարելու բարձր պաշտոնը։ Իհարկե, ահագնացող սոցիալական խնդիրների, սոցիալական բեռի, ընտանեկան, կենցաղային խնդիրների ֆոնին, վատթարացող էպիդեմիոլոգիական, վարակաբանական իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյանի հաղթական հեքիաթներն առ այն, թե ինչ երջանիկ է հայը ապրում Հայաստանում իր ղեկավարման օրոք, բացի անլրջությունից, սրբապիղծ լինելու տպավորությունից, որևէ բան չեն թողնում»,- այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դիմելով ունկնդիրներին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` սոցիալական խնդիրների այս աղետալի ֆոնի վրա գնալ Ազգային ժողով ու հեքիաթների հերթական չափաբաժինը հրամցնել հայ ժողովրդին, նշանակում է միայն մեկ հանգամանք` Հայաստանի կառավարությունն ու վարչապետը չեն գիտակցում իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվության չափը:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ կառավարության հաշվետվության արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին` ներկայացնելով երկու փաստաթուղթ, թե ինչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը և ինչ է արել իրականում:

«Կառավարության հաշվետվության մեջ Արցախի` բանակցային սեղան վերադարձի մասին կա 0 հաշվետվություն։ Ինչպես հիշում եք, ՌԴ արտգործնախարարի ելույթը բուռն քննարկումների է ենթարկվում Հայաստանում, և վերջապես այս հարցով ԱԺ-ում բռնացրեցին Փաշինյանին, ով խուսափեց հարցերին հստակ պատասխանելուց. Դրա փոխարեն լսեցինք լոլոներ, հերթական բառակույտը և ուրիշների հաշվին ինքնահաստատվելու հիվանդագին մոլուցքը»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

Արմեն Աշոտյանը նշեց, որ կառավարության հաշվետվության մեջ ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների մասին կա ընդամենը 5 տող, որոնք կենցաղային, կենացային մակարդակի տողեր են, և ոչ մի կոնկրետ գործողությունների, ձեռքբերումների մասին այդ տողերում ոչինչ չկա:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրով նախատեսված էր, որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի։ Իսկ հաշվետվության մեջ ինչ-որ նկարագրական մաս կա այդ մասով։ Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական խոշորագույն ձեռքբերումներից մեկը համարվող այս համաձայնագրի կնքումից 2,5 տարի հետո վավերացման գործընթացը դոփում է տեղում. հինգ եվրոպական երկիր դեռ այն չի վավերացրել։ Չի վավերացրել նաև Եվրոպական Խորհրդարանը: Լավագույն կանխատեսումներով՝ համաձայնագիրը կարող է վավերացվել այս տարվա վերջում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Վերջինիս խոսքով` կառավարության հաշվետվության մեջ ոչ մի անդրադարձ չկա նաև վիզաների ազատականացման մասին։

«Բացի ԵՄ մայրաքաղաքներում ժպտերես ձեռքսեղմումներից՝ ոչ մի արդյունք։ Կառավարությունը կհակադարձի, որ  2019 թ. 25 մլն-ով ԵՄ-ն ավելացրել է իր աջակցությունը ՀՀ-ին: Այո՛, դա ճիշտ է, բայց արդյո՞ք դա էր խոստացել Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չէր հպարտանում Բրյուսելում, որ Յունկերի հետ հանդիպման ժամանակ ասում էր՝ 10 մլն եվրոն մեզ պետք չի, ցանկացած օլիգարխի թափ կտա և այդքան կվերցնի»,- հիշեցրեց Արմեն Աշոտյանը։

Հաջորդիվ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը 350 հազար դոլար ծախսեց, բայց դատարկ այց ունեցավ ԱՄՆ։

«Կառավարությունն  ինքն է համարել այդ այցը դատարկ, քանի որ անգամ հիշատակում չկա այդ մասին։ Կառավարությունն ինքը զրո անդրադարձ է կատարել այդ այցի վերաբերյալ կառավարության ծրագրում։ Սա լավագույն գնահատականն է` տրված Նիկոլ Փաշինյանի այցին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հաջորդ ուղղությունը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, երկկողմ հարաբերություններն են մեր հարևանների հետ։ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների մասով` կառավարության հաշվետվության մեջ կա գեթ մեկ հիշատակում, որտեղ նշվում է, որ Իրանի կառավարության հետ հաջողվել է պայմանավորվել, որպեսզի կենդանի կենդանիների տարանցում իրականացվի ԻԻՀ-ում։ Ընդամենը այսքանը:

«Վրաստանի մասով մեր վարչապետը սիրում է գլուխ գովել, թե ընկեր է Վրաստանի վարչապետի հետ։ Վրաստանի մասով այս հաշվետվության մեջ զրո հիշատակում կա։ Չինաստանի հետ հարաբերությունների մասով քանի՞ հիշատակում, արդյունք, իրականացված ծրագիր, ձեռքբերում կա. զրո։ Վրաստանի, Չինաստանի հետ՝ զրո, Իրանի հետ` գրեթե զրո»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը:

ԱՄՆ-ի մասին խոսելիս կառավարությունը նշել է, թե ԱՄՆ-ը 40 տոկոսով մեծացրել է ՀՀ-ին աջակցությունը, բայց Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ` մենք իմացանք, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Արցախին տրվող օգնությունը, իսկ 40 տոկոսի ավելացման փոխարեն՝ մոտ 20 միլիոն դոլար է ավելացրել։ Նշեց նաև, որ թավշյա հեղափոխության կապիտալիզացիան իր ֆինանսական արտահայտության մեջ կազմել է ընդամենը 25 միլիոն եվրո և 20 միլիոն դոլար:

«ԱՊՀ-ՀՀ հարաբերությունների մասով կառավարությունն արտաքին քաղաքականության բլոկով քանի՞ արդյունք, նախաձեռնություն է հիշատակել։ Նորից ասեմ` զրո»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Հաջորդ ուղղությունը, ինչպես նշում է նախկին պատգամավորը, Մերձավոր Արևելքն է։ Բացի Քաթարի դեսպանատան հիշատակումից, ըստ Արմեն Աշոտյանի, կառավարության ծրագրում ընդամենը մեկ հիշատակում կա` Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը։

«Հիշեցնեմ, որ մեր զինվորները, սպաներն ու բժիշկները Սիրիայում գտնվում են ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտմամբ։ Իրենք մեղավոր չեն, որ կառավարությունը սեփական սահմանադրությունը խախտելով՝ մեր զինվորներին ուղարկել է Սիրիա։ Մաղթենք այդ մարդասիրական առաքելություն իրականացնող զորախմբին խաղաղ ծառայություն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ մեր կառավարությունն անցյալ տարի խոստանում էր, որ հարաբերությունները զարգացնելու է նաև ՆԱՏՕ-ի հետ։ Բայց արտաքին քաղաքական բլոկում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասով նորից զրո հիշատակում կա։

Կառավարության ծրագրում հաջորդ կարևորությունը, ինչպես նշում է ԱԺ նախկին պատգամավորն ու խորհրդարանական արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուն,  տրված էր Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ մեր հարաբերություններին: Կառավարության հաշվետվության մեջ, սակայն, Ֆրանկոֆոնիայի հետ ծրագրերի իրականացման մասով նույնպես կա զրո հիշատակում։

«Կառավարությունը չի ամաչել ու գրել է ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերություների մասին, ինչ-որ գլուխ է գովացել։ Սակայն պետք է հիշեցնեմ, որ պետք է գլուխները կախեին ու ընդամենը մի տող գրեին, որ այս իշխանության ապիկար քաղաքականության պատճառով, դատարկ, շինծու, քրեական գործերով, Ռ․Քոչարյանի դեմ քրեական հետապնդման արդյունքում՝ ՀՀ-ն զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացրած աշխատանքների մասին խոսելիս, ՀՀԿ փոխնախագահի խոսքով, կառավարություննն  իրեն է վերագրել մի շարք որոշումներ և ճանաչումներ, որոնց հետ ինքը բացարձակ կապ չունի` ԱՄՆ Կոնգրեսից սկսած, վերջացրած Իտալիայի խորհրդարանով։ Այս իշխանությունները գործ չեն արել նաև Պորտուգալիայի ճանաչման հետ կապված։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք արտաքին քաղաքականություն իբր չենք ունեցել, ու ինքը զրոյից ստեղծում է արտաքին քաղաքականություն։ Այսքան զրոներ թվարկելուց հետո տարբեր ուղղություններով, հիմնվելով բացառապես իրենց տված հաշվետությունների վրա, կարող եմ արձանագրել, որ ոչ թե արտաքին քաղաքականությունն եք սկսել զրոյից, պարոն վարչապետ, այլ Դուք եք զրոյացրել արտաքին քաղաքականության կշիռը։ Հիմնավորումները հետ տվեք, նայեք էս վիդեոյով, որովհետև ինքներդ արտաքին քաղաքականությունից զրո եք»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Վերջում ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այս աշխատանքն իրականացվել է ոչ թե ինչ-որ բան բռնելու ու Նիկոլի կառավարությանը, այսպես ասած, քլնգելու համար, այլ ուրիշ նատակներից ելնելով։

«ՀՀ արտաքին քաղաքականությունը կարևոր գործիքներից է ՀՀ և Արցախի անվտանգության համար։ Այս բոլոր խնդիրները, ավաղ, այս կամ այն կերպ անդրադառնում և անդրադառնալու են Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի վրա,  վատթարացնելու են ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս