Զոհրաբ Մնացականյանը լավ գիտի, թե ինչ ինֆորմացիայի ենք մենք տիրապետում. Արմեն Աշոտյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:

– Պարոն Աշոտյան, նախօրեին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կրկին անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ փուլային տարբերակը բանակցային սեղանին լինելու մասին հայտարարությանը եւ ասաց, որ եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ըստ էության, ԱԳ նախարարը կրկին , չհերքե՞ց այս տարբերակի գոյությունը բանակցային սեղանին:

– Լավրովի հայտարարությունից հետո հայ հասարակության, քաղաքական շրջանակներում դեռ կար միամտություն, որ Լավրովը մոլորեցնում է եւ Նիկոլ Փաշինյանը կամ գոնե Զոհրաբ Մնացականյանն ուղիղ տեքստով կհերքեն այդ հայտարարությունը: Իրականությունը ուրիշ բանի մասին էր եւ այն էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը բացահայտեց ղարաբաղյան բանակցությունների շուրջ ընթացող այն գործընթացները, որոնց մասին այս իշխանությունները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկու տարի անընդմեջ մոլորեցնում էր հայ հասարակությանը՝ պարբերաբար պնդելով, որ բանակցություններ չկան, փաստաթուղթ չկա, բայց, ինչպես տեսանք, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ միայն չհերքվեց, այլ փաստացի, ՀՀ ԱԳ նախարարի երեկվա՝ ծավալուն, մոլորեցնող եւ խուճուճ գնահատականների մեջ կարմիր թելով անցնում էր մի ենթագիտակցական միտք, որ Լավրովը ճիշտ է, իսկ Նիկոլը ստում էր։

Սա, իհարկե, ամենավատ նորություններից մեկն էր, որ կարելի էր ունենալ Հայաստանում: Արցախի հետ կապված բանակցային ֆիասկոն կանխատեսելի էր դեռ երկու տարի առաջ, եւ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի մեծամիտ ու ամպագոռգոռ հայտարարություններից հետո, օրինակ, ես իմ կետի եմ սկսում բանակցությունները եւ այլն, մտահոգությունները միայն խորացնում էին , պարբերական հանդիպումները, որոնց մասին այս իշխանությունները միայն դեկորատիվ, արարողակարգային դետալներ էին պատմում , իսկ բովանդակությունից ՝ ոչինչ, իրականում, փաստորեն 2018 թվականի ապրիլի 23-ից հետո հանդիսանում էին Արցախյան բանակցություններում շրջադարձային փոփոխությունների մեկնարկի մասին տեղեկություններ: Անտաղանդ կերպով որոշ իմքայլականներ, իրենց սպասարկող իբր փորձագիտական շրջանակներ փորձում էին մեղքեր գցել նախորդ իշխանությունների վրա, բայց ՀՀԿ հայտարարությունը, մեր հանրային գնահատականները ապացուցում էին այն հանգամանքը, որ եթե Սերժ Սարգսյանը բանակցեր փուլային տարբերակ, ապա այսօր մեծ-մեծ խոսացողները իրենց պաշտոններին չէին լինի:

– Բայց ԱԳ նախարարը հայտարարում է, որ մեր դիրքերը հիմա առավել ամուր են, քան նախկինում եւ 2016-ի ապրիլյան զարգացումները բացառված են:

– Զոհրաբ Մնացականյանը ավելի զգուշավոր էր նախորդ իշխանություններին քննադատելիս այս անգամ, որովհետեւ լավ գիտի, թե ինչ ծավալի ինֆորմացիայի ենք մենք տիրապետում, լավ գիտի իրականությունը եւ, ի տարբերություն տարբեր մանրապճեղ պատգամավորների , շատ ավելի զուսպ էր խոսում նախորդ իշխանության թողած ժառանգության մասին: Իրականության մեջ փաստը մնում է փաստ, որ նախորդ իշխանությունների օրոք այնպիսի բանակցային գործընթաց էր, որ Լուկաշենկոյի հավաստմամբ, իրենք ՝ Պուտինի հետ, առաջարկում էին Սերժ Սարգսյանին ազատել 5 շրջանները, Սերժ Սարգսյանը մերժել էր այդ տարբերակը եւ Ալիեւը իր կառավարության նիստին խոստովանել էր, որ իր վրա ճնշում են գործադրել Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Դե, ստացեք այս գնահատականները եւ յուրաքանչյուրը մեկ ականջի վրա օղ արեք, հիշեք՝ հանրային –քաղաքական գնահատականների մասով սա էր բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս