Վստահություն չունեն
Տարեսկզբին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի տնտեսության մեջ սպասվածից անհամեմատ բարձր աճեր է գրանցում։ Տնտեսական ակտիվությունը հասել է ընդհուպ 14,3 տոկոսի։ Չեղած տեղից արդյունաբերությունն է ռեկորդներ գրանցում, արտաքին առևտուրն է անգամներով ավելացել։ Պակաս բարձր չէ նաև ներքին առևտրի աճը։
Բայց որքան էլ տարօրինակ հնչի, մասնագիտացված միջազգային ֆինանսական կառույցները չեն վստահում, հավատ չունեն Հայաստանի տնտեսության աճի նկատմամբ, լավատեսորեն չեն տրամադրված։ Չնայած արձանագրվող այսպիսի բարձր ակտիվությանը, իրենց կանխատեսումներում բավական համեստ ակնկալիքներ են ներկայացնում Հայաստանում այս տարի սպասվող տնտեսական աճի վերաբերյալ։
Տարեսկզբի 14,3 տոկոսանոց ակտիվության պայմաններում, միջազգային մի շարք ֆինանսական կազմակերպությունների տնտեսական աճի սպասելիքներն ընդամենը 5-6 տոկոսի սահմաններում են։
Մասնավորապես՝ Համաշխարհային բանկը 5,5 տոկոս աճ է կանխատեսում, ինչն անհամեմատ ավելի ցածր է, քան տարեսկզբին տնտեսության մեջ արձանագրվող ցուցանիշները, ավելի ցածր, քան անցած տարվա արդյունքը։
Հիշեցնենք, որ անցած տարի տնտեսական աճը Հայաստանում կազմեց 8,7 տոկոս։
Այս տարի ՀԲ-ն 3,2 տոկոսային կետով ավելի ցածր արդյունք է ակնկալում։
Համաշխարհային բանկի սպասումները զգալիորեն ցածր են նաև պետական բյուջեի հիմքում դրված կառավարության կանխատեսումներից։ Կառավարությունն այս տարի 7 տոկոսանոց աճի հույս ունի։
Թե ինչո՞ւ են Համաշխարհային բանկի սպասումներն այսքան հոռետեսական Հայաստանի տնտեսության նկատմամբ, չնայած տարեսկզբին արձանագրվող բարձր ակտիվությանը, հիմնավորվում են հիմնականում արտաքին հայտնի գործոնների ազդեցությունների թուլացմամբ։ Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարիներին Հայաստանում արձանագրվող բարձր աճերը կապված են եղել գերազանցապես այդ գործոնների հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք գնալով թուլանում են, ակնկալվում է, որ տնտեսական աճի տեմպերը Հայաստանում կնվազեն։
Կնվազեն աճող աշխարհաքաղաքական ռիսկերի, արտահանման հարաբերական կրճատման, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանից միգրանտների ու կապիտալի ներհոսքերը հասել են որոշակի մակարդակի, որից հետո չեն կարող շարունակել նույնքան արագ աճել:
Վերջին երկու գործոնների ազդեցությունների թուլացումն արդեն ակնհայտ է։ Ռուսաստանից միգրանտների ու կապիտալի հոսքերը տարեսկզբին բավականաչափ կրճատվել են։
Անհամեմատ ավելի քիչ Ռուսաստանի քաղաքացիներ են սկսել գալ Հայաստան, քան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում։
Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի միայն առաջին երկու ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների մուտքը 36 հազարով կրճատվել է։ Ավելացել են նաև Հայաստանից հեռացողները։
Ազդեցությունների թուլացումն ակնհայտ է նաև ռուսական զբոսաշրջային հոսքերում։
Առաջին եռամսյակում 53 հազարով ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Ռուսաստանից։
Կապիտալի հոսքերը ևս տարեսկզբին կրճատվել են։ Երեք ամսում Ռուսաստանից 424 մլն դոլարով պակաս գումար է մտել Հայաստան։ Անցած տարի ստացվել էր 1 մլրդ 219 մլն դոլար, այս տարի ստացվել է ընդամենը 795 միլիոն։
Կապիտալի հոսքերը Ռուսաստանից կրճատվել են գրեթե 35 տոկոսով։
Նախորդ երկու տարիներին Հայաստանի տնտեսության բարձր աճերի վրա էական ազդեցություն թողած այս երկու գործոնները մեծապես թուլացել են, բայց բարձր տնտեսական ակտիվությունը տարեսկզբին, ինչպես տեսնում ենք, պահպանվում է։ Պահպանվում է հիմնականում արդյունաբերության և արտաքին առևտրի բարձր աճերի հաշվին։
Երկուսն էլ կապված են բացառապես մեկ գործոնի հետ, որը հայտնի է «ոսկու տենդ» անվանումով։
Դժվար է ասել, թե այս գործոնը ինչքանո՞վ են հաշվի առել Համաշխարհային բանկի փորձագետներն իրենց կանխատեսումներում, բայց եթե հաշվի առել են, ու ներկայացված գնահատականները հիմնված են նաև դրա վրա, ապա ենթադրվում է, որ այս հատվածից առաջիկայում սպասում են տնտեսության աճի վրա ազդեցությունների թուլացում։ Գաղտնիք չէ, որ այս տարվա Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը պայմանավորված է գերազանցապես ռուսական ոսկու շրջանառությամբ։ Ռուսական ոսկին Հայաստանի միջոցով գնում է այլ երկրներ՝ իր ուղղակի ազդեցությունը թողնելով տնտեսական աճի ցուցանիշների վրա։
Տնտեսության բարձր ակտիվության ամբողջ գաղտնիքը սրանում է։
Թե ինչպե՞ս կընթանան զարգացումներն առաջիկայում այդ ուղղությամբ, դրանից մեծապես կախված կլինի նաև տնտեսական աճը, որի նկատմամբ միայն Համաշխարհային բանկը չէ, որ լավատեսորեն չի տրամադրված։
Տարեսկզբին արձանագրվող բարձր ակտիվության պայմաններում, Ասիական զարգացման բանկը ևս վստահություն չունի Հայաստանի տնտեսության բարձր աճի նկատմամբ։ Վերջինիս սպասումները շատ չեն տարբերվում ՀԲ գնահատականներից։
ԱԶԲ-ն ևս Հայաստանում տնտեսական աճի դանդաղում է սպասում։ Անցած տարվա 8,7 տոկոսի դիմաց, այս տարի կանխատեսվում է 5,7 տոկոս աճ։
Բանկի մասնագետների գնահատումներով, տնտեսական աճի վրա կազդի Ռուսաստանից դրամական հոսքերի կրճատումը, ինչը նվազեցնում է մասնավոր սպառման աճը։
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ ԱԶԲ-ն մեծ ակնկալիքներ չունեն արդյունաբերության ոլորտում։ ՀԲ-ն արդյունաբերության աճը գնահատել է 5,5, իսկ ԱԶԲ-ն՝ 6,2 տոկոս։ Այն պարագայում, երբ տարեսկզբի առաջին երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունն արդյունաբերության 30 տոկոսից ավելի աճ է գրանցել։
ՀԲ-ի և ԱԶԲ-ի կանխատեսումներից շատ չի տարբերվում նաև Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատականը։ Վերջինս Հայաստանում 6 տոկոս աճի սպասում ունի։
Ավելի հոռետես է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որն այս տարվա համար Հայաստանում ընդամենը 5 տոկոս աճի կանխատեսում ունի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ