Վաղն առավոտյան ժամը 8:00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը ներկայացրեց վաղվա ծրագիրը: Իսկ մինչ այդ դիմեց հանրահավաքի մասնակիցներին, ասելով.
«Ժողովուրդ ջան, գիտեմ, որ ձեր մտքերի մեջ հազար ու մի հարց է առաջանում։ Շատ եմ խնդրում ձեզ, այն օրակարգը, որը մենք սահմանել ենք, հստակ քայլերով գնում է առաջ։ Ասում են՝ մարդկանց թիվը մարել է, և այլն, խոստանում եմ, եթե նույնիսկ 5 կամ 10 հոգի մնա, այդ ծրագիրը պետք է իրականանա։ Բայց հազար ու հազարավորներ են լինելու, դեռ չգիտեն, ինչպես նախորդ անգամ ասել եմ, իրենց խոփն ինչ տեսակ քարի է դեմ առել։ Տեղեկացնեմ ձեզ, նաև ԱԱԾ-ին եմ ուզում տեղեկացնել՝ Ձեզ հատկապես եմ ասում, պարոն Աբազյան, Ձեր գլխավորությամբ՝ դադարեցրեք հեռախոսային այս այլանդակ հարձակումները։ Չեմ չափազանցնում, ուղղակի կարող եմ ցույց տալ Ձեզ՝ իմ հեռախոսը հարձակման թիրախ է, երկու, երեք րոպեն մեկ հեռաձայնում են տարբեր խոսքերով, անջատում են, չգիտեմ՝ ինչ գործիքներ են ուզում ներդնել։ Տելեգրամյան ալիքներով հայհոյանքների տեղափ ու տարափ։ Ես ծիծաղով ու ժպիտով եմ ասում՝ պարոն Աբազյան, Ձեր ամբողջ համակարգը կարգի հրավիրեք, խախտվում է քաղաքացու պարզ իրավունքները։ Դա ինձ վրա չի ազդելու, մարդու զավակներ, վահան կա վրաս, ձեր զրահաբաճկոններից ավելի։ Ձեր զրահաբաճկոնները ոչինչ են այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք ու ասել՝ տերն է մեր լույսն ու ապավենը, ումի՞ց եմ դողալու։ Որպեսզի թաքուն չլսեք ու նկարեք, ավելորդ մարդկանց չաշխատեցնեք, բայց լավ բաներ են սովորում, ասել եմ, որ հանդիպումներ եմ ունենալու տարբեր մարդկանց հետ»։
Սրբազանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ շարժումն իր նպատակն ու խնդիրները դրել է՝ անհրաժեշտ է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող, տառապող, հաշտության կառավարություն։
Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ՝ գրողների, նկարիչների, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ և այլ օջախներ։
Այնուհետև դիմելով երիտասարդներին՝, ասաց.
«Վաղն առավոտյան ժամը 08։00-ից, Շամշադինի բառ ու բանով ասած՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում