Առաջիկա օրերին պետք է լուծենք պակասող 18 ձայների հարցը. Բագրատ Սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը  հիշեցրեց նախորդ հանրահավաքի ժամանակ իր արած հայտարարությունը, որ խորհրդարանական երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել անվստահություն հայտնել Կառավարության գործող ղեկավարին։

«Նրանց ձայները 35-ն են։ Տեղեկացնեմ ձեզ, որ երկու անգամ, մեկը՝ ծրագրված, մեկը՝ ոչ, հանդիպել եմ անկախ պատգամավոր պարոն Իշխան Զաքարյանի հետ՝ իր կարծիքն իմանալու համար։ Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին։ Ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել։ Սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծում՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պիտի լուծենք նաև այս հարցերը, կամաց-կամաց, համառությամբ, հավատքով հասնելու ենք այնտեղ, որտեղ պետք է հասնենք՝ ճշմարտության հաղթանակին»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Նա հանրահավաքի մասնակիցներին անկեղծությամբ ասաց՝ պատրաստ է ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով և ժողովրդի ցանկությամբ։

«Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ կան ու անհրաժեշտ են իրավական դաշտում քննարկումներ իրավաբանների հետ։ Միաժամանակ այս հարցերը պետք է քննարկվեն քաղաքական բոլոր ուժերի հետ և առաջիկայում ծրագրում եմ դա անել՝ առանց խտրականության, ընդ որում՝ ՔՊ-ի հետ։ Սա, կարծում եմ՝ հստակ կերպով հասկանալի էր բոլորիդ համար։ Մենք շարժվում ենք այն ուղիով, ինչ որ նախորդ օրերին ասել եմ»,- եզրափակեց Բագրատ սրբազանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս