Բաժիններ՝

«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»

Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են:  «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը:

Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին և դրամ կուտակելուն: Աստծուն անտեսելով երկրի վրա գանձեր դիզելը ագահության նշան է, իսկ ագահությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Ագահությունից կարող են ծնվել այլ մեղքեր` ժլատություն, իշխանատենչություն, հպարտություն և այլն:

Անիրավ տնտեսի առակում ասվում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ․ 16:9): Մամոնա ասելով՝ Տերը նկատի ունի հարստությունը, որը պետք է օգտագործել մարդկանց օգնելու համար:

Մեկ ուրիշ տեղ Հիսուս Քրիստոս ներկայացնում է անմիտ մեծահարուստի առակը: Այստեղ անմիտ մեծահարուստը, իր շտեմարաններում ամբողջ բերքը հավաքելով, ասում է. «Գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները ու ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ  արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանայ» (Ղուկ․ 12:18-21):

Կարդացեք նաև

«Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սղմ․ 50:19): Այս տողերը մեզ հիշեցնում են նաև Աբրահամի և Իսահակի պատմությունը: Մեկը նույնիսկ չի ցանկանում իր նյութական ունեցվածքից թեկուզ մի փոքր մաս տրամադրել կարիքավորներին օգնելու համար, իսկ մյուսը պատրաստ է նույնիսկ իր միակ որդուն զոհաբերել` հանուն Աստծո: Այսպիսի խոնարհություն և նվիրվածություն է սովորեցնում մեզ Սուրբ Գիրքը:

Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպում կարդում ենք Ժան Վալժան անունով մի մարդու մասին, որը 19 տարի բանտարկված էր: Եվ բանտից դուրս գալուց հետո գնում է մի քաղաք, որտեղ հանդիպում է Բիենվենյու անունով եպիսկոպոսին: Եպիսկոպոսը նրան հրավիրում է իր տուն և հյուրասիրում: Այս տանը Ժան Վալժանը տեսնում է արծաթե սպասք և հեռանալիս՝ գողանում է այն: Երբ ոստիկանները ձերբակալում են նրան և հետ են բերում, եպիսկոպոսը անմիջապես հասկանում է իրավիճակը և ասում. «Եղբայր, այս երկու արծաթե մոմակալներն էլ էին քո նվերը, մոռացել ես»:

Ահա այսօրինակ մարդասիրություն է մեզ սովորեցնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մեզ կյանք և շնորհներ է տվել, որպեսզի մենք դրանք օգտագործենք մեր նմանի` այն է մարդու բարերարության և Աստծու փառաբանության համար: Եվ այս արարքները որպես գանձեր են ընդունվում Աստծու կողմից, չհնացող, չպակասող հարստություն են, որ մեզ հավիտենական կյանքի հույս են պարգևում:

«Զորավոր» երիտասարդաց միության անդամ

Հերմինե Մանուկյան

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս