Ինչու են Սյունիքում նոր մաքսակետ կառուցում
Հայաստանի Կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 10 միլիոն եվրո վարկ կստանա Սյունիքի մարզում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով:
Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում կկառուցվի մաքսային այս նոր կենտրոնը, որի համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաև 2 մլն եվրո դրամաշնորհ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր վարչական շենք։
Իսկ մաքսային կենտրոնը մուտքի և ելքի ուղղությամբ ունենալու է 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռողությամբ:
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ առաջնահերթություն է Սյունիքի մարզում այսպիսի կենտրոնի ստեղծումը, քանի որ մարզում թեև գործում են երկու ժամանակավոր պահպանության պահեստներ, դրանք չունեն բավարար թե՛ տարածքային, թե՛ շենքային պայմաններ, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ ծավալով տեխնիկական հագեցվածություն՝ մարզի տարածքում արտաքին ապրանքաշրջանառության մաքսային սպասարկումն արդյունավետ կազմակերպելու համար։
Հարկ է նշել, որ Սյունիքում այս նոր կենտրոնի կառուցման վարկային և դրամաշնորհային ֆինանսական միջոցներում ներառված չէ Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը, որն ուղղվելու է ԱԱՀ գծով պարտավորությունների կատարմանը:
Համաֆինանսավորումը կկազմի 2.4 մլն եվրո, որից 2.0 մլն եվրոն՝ վարկային միջոցների գծով, իսկ 0.4 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Կենտրոնի կառուցումը նախատեսվում է Հայաստանի համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրով և հանդիսանում է ներկայում որդեգրած Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը: