Ես չեմ գնացել չէ՞ իր էպիկրիզը նայել ու բարձրաձայնել․ Կարեն Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին. ArmDaily.am
Արսեն Թորոսյանի գրառումը ցուցիչ է նրա փոքր մարդ լինելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով Առողջապահության նախարարի գրառմանը, որտեղ նա, մասնավորապես, անդրադարձել էր իր հարցազրույցին՝ նշելով, որ Վարդանյանի պնդումներն անհեթեթություն են:
«Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,-գրել էր նախարարը: Նախարարի այս գրառումը շատ օգտատերերի կողմից քննադատության արժանացավ, իսկ Վարդանյանն ասաց, որ այդ գրառումը հենց Թորոսյանին է բնութագրում։
«Ես չեմ գնացել չէ՞ իր էպիկրիզը նայել ու բարձրաձայնել, թե պարոն Թորոսյանն ինչ հիվանդություններով է տառապում, ինչ խրոնիկ հիվանդություններ ունի։ Դա բժշկական էթիկայի խախտում է։ Իսկ բժշկական էթիկայի խախտում թույլ տվող մարդը ոչ միայն իրավունք չունի նախարար լինելու, այլև ընդհանրապես բժիշկ աշխատելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կորոնավիրուսը համաշխարհային բլեֆ է պնդման համար հիմք են հանդիսանում համաշխարհային անկախ փորձագետների պնդումները, որոնք վաճառված չեն և Համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ու դեղորայքային ընկերություններից փող չեն ստանում։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը փող է ստանում տարբեր հիմնադրամներից, մասնավորապես, Ռոքֆելլերների հիմնադրամից, Բիլ Գեյթսի հիմնադրամից, Բաֆֆեթի հիմնադրամից, որոնք զբաղվում են տարատեսակ պատվաստանյութերի առաջ մղմամբ։
«Ընդ որում՝ ԱՀԿ-ն նաև ֆինանսավորում է Հայաստանին, դրա համար ես իրավունք ունեմ կասկածելու, որ իրենք սխալ ուղղությամբ են ուղղորդում նաև Հայաստանի առողջապահությունը։ Ի դեպ, այս տեսակետը պաշտպանում է նաև Դոնալդ Թրամփը, ով դադարեցրեց ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ին ֆինասավորման տրամադրումը»,-ասաց նա։ Վարդանյանը պնդում է, որ COVID-19 –ից մահացության վիճակագրությունը ներկայացնողները չունեն ապացույցներ, որ հիվանդները մահանում են հենց կորոնավիրուսից, քանի որ հենց իրենք են արգելել են դիահերձումները։
«Եթե դիահերձում չկա՝ սա նշանակում է, որ իրենց ախտորոշումը կասկածի տակ է, որևէ մեկ ապացույց, որ մարդը մահացել է կոնկրետ COVID-19-ից՝ իրենք չունեն։ Իսկ առաջ ի՞նչ է, քաղցկեղով հիվանդ չկար, որ գրիպ էլ ուներ ու մահանում էր քաղցկեղից։ Հիմա նույն վիճակն է, մարդը մահացել է քաղցկեղից, թոքաբորբից ու միաժամանակ նաև COVID-19 է ունեցել, COVID-19-ի կարող է ծանրացնի իր վիճակը, սակայն որևէ ապացույց չկա, որ մարդը 80 տարեկան մահացել է հենց կորոնավիրուսից։ Անգամ պաշտոնական տեղեկատվություն կա, որ տարբեր հիվանդություններից մահացած մարդկանց հարազատներին գումար են վճարվում, որպեսզի վերջիններիս մահվան եզրակացության մեջ նշվի, որ նրանք մահացել են COVID-19-ից։ Մասնավորապես, ԱՄՆ-ում պաշտոնապես 4500 դոլար վճարում են, եթե մարդը մահացել է թոքաբորբից, եթե գրվում է նաև COVID-19-ով է հիվանդ եղել տալիս են ևս 30 հազար դոլար, եթե մահացել է, նաև օգտագործել արհեստական շնչառական սարք, վճարում են 39 հազար դոլար։ Բնական է, որ հիվանդի հարազատները շահագրգռված են ներկայացնելու, որ հիվանդը մահացել է COVID-19-ից, այսինքն սա միջազգային պրովոկացիա է»,-ասաց Վարդանյանն՝ ընդգծելով, որ Թորոսյանն այժմ ուզում է ապացուցել, որ ինքը միջազգային այս պրովոկացիայի մաս չէ։