«Ինչքա՞ն կարելի է մարդկանց անուններն օգտագործել՝ առանց այն հիմքի, որը պետք է ավարտվի դատարանի որոշումներով». Լարիսա Ալավերդյան

«Ես, արդեն երկրորդ տարին է՝ դատապարտում եմ բոլոր այն գործողությունները և այդ գործողություններն իրականացնողներին, ովքեր սկզբից տարածում են որևէ գնահատական, կապ չունի՝ ում մասին, հետո նոր խոստանում են սկսել ինչ-ինչ իրավական գործընթացներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից արվող մի շարք հայտարարություններին և վերջին հայտնի գործընթացներին, որոնք ծավալվում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ:

Լ. Ալավերդյանը հայտնեց, որ այդ գործընթացները հետագայում կա՛մ կարճվում են, կա՛մ շարունակում են երկար մնալ նախադատական վիճակում.

«Սա վկայում է այն մասին, որ դա ոչ թե պատահական է, այլ ոճ է, և այդ ոճը վաղուց միջազգային Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները դատապարտել են. դա ունի անվանում՝ դրանք հետապնդումներ են: Համաձայն չեմ, թե դրանք քաղաքական հետապնդումներ են. դրանք տնտեսական են (այսինքն՝ եթե մենք նոր իշխանություններին քաղաքական ուժ ենք անվանում, այդ դեպքում է քաղաքական). կարծում եմ, որ սա մի խումբ է, որը չունի գաղափարախոսություն-քաղաքական հենք, և նրանք սկսել են, և արդեն երկրորդ տարին է՝ փորձում են առնվազն սեփականության վերաբաշխում իրականացնել երկրում»:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 1-ին հետաձգել էր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննարկումը։

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ դատավոր Վահե Միսակյանը բավարարել է կալանավորման միջնորդությունը:

«Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո ակնկալելի էր, որ կլինի կալանավորում: Մինչ այդ մարտի 14-ից ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանի պատշաճ վարքագիծը խնդիր չէր առաջացնում, հայտարարությունից հետո որոշվեց, որ պետք է կալանավորվի»,- նշել էր վերջինիս փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նշենք՝ Գուրգեն Խաչատրյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր. «Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»:

Իրավապաշտպանը դատապարտելի է համարում իշխանությունների գործելաոճը և հիշեցնում՝ առանց դատական որոշումների՝ չպետք է տարածել լուրեր.

«Արդյո՞ք ամեն ինչը, սեփականությունը, նախկին սեփականատերերը եղել են ամբողջովին իրավական՝ ո՛չ, ըստ երևույթին, բայց եթե շարունակվեն լեգենդներով՝ հնարածին, եղած կամ չեղած ինչ-որ հիմքերով շարունակ տարածել լուրեր՝ առանց իրավական հստակ հիմնավորումների, դա, անշուշտ, պատիվ չի բերում և  իրավաբանական առումով երկիրը հետ են գցում, ուղղակի տապալում են:

Ես դատապարտում եմ այս ոճը՝ արդեն հնարավոր չէ, նաև բառապաշարը, որ արդեն հարյուր անգամ ասվել է՝ հարիր չէ որևէ իշխանության նման բառապաշարով հանդես գալ:

Ինքս դատապաշտպան չեմ, այդ մարդիկ ունեն դատապաշտպաններ. Ես միայն ասում եմ, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ կետերը վերաբերում են արդար դատավարության իրավունքին, մարդու անձեռնմխելիությանը և, վերջապես՝ հիմքերից հիմքին՝ մարդու արժանապատվությանը: Ինչքա՞ն կարելի մարդկանց անուններն օգտագործել՝ առանց այն հիմքի, որը պետք է ավարտվի դատարանի որոշումներով»:

Տեսանյութեր

Լրահոս