«Ունենք պրոֆեսիոնալ ոստիկաններ, որոնք միայն երկու բանի պատասխան չեն կարող տալ, թե քանի աստղ կա երկնքում, և, թե ինչ են հուշում աստղերը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համապատասխան նախագիծն այսօր ներկայացվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծով պատգամավորներն առաջարկում են, որպեսզի անձի պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերը քննվեն սեղմ ժամկետներում, այսինքն՝ այն ժամանակահատվածը, որ նախատեսում է ներկայիս օրենդրությունը՝ նվազեցվի:

Նախագիծը ներկայացնելուց հետո, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբիելյանը Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք չի կարծում, որ այստեղ ավելի խորքային լուծումներ են անհրաժեշտ, քանի որ երբեմն լինում են դեպքեր, երբ մարդու արժանապատվությունը վիրավորում է ֆեյք օգտատեր, և անձը երբեք չի կարողանում գտնել, թե իրականում դրա հետևում ով է կանգնած:

«Արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում, որ այստեղ ավելի շատ հնարավորություն պետք է տրվի ոստիկանությանը, որպեսզի իր միջոցներով հայտնաբերի, թե ով է կանգնած ֆեյքի հետևում»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Պարոն Գաբրիելյան, որ խոսքիս ընթացքում ուշադիր ինձ նայում էինք, մտածում էի՝ հասկանում էիք, թե ինչ էի ասում: Մենք ունենք շատ պրոֆեսիոնալ ոստիկաններ, որոնք միայն երկու բանի պատասխան չեն կարող տալ, թե քանի աստղ կա երկնքում, և, թե ինչ են հուշում աստղերը: Այս երկու հարցից բացի, ցանկության դեպքում՝ Հայաստանի ոստիկաներն ամեն հարցի էլ կարող են պատասխանել»:

Գ. Պետրոսյանի խոսքին միջամտեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ երկու հարցի ևս ոստիկանները չեն կարողանա պատասխանել, թե ով սպանեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենադուն, և, թե ինչու է աղմկում գետը:

Շարունակելով խոսքը՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ, եթե նշված գործողություններում ներառեն ոստիկանությանը, պետք է սահմանեն օպերատիվ հետախուզության ժամկետներ, և այլն: Բացի այդ, բերված նախագիծը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ անձին վիրավորողը հայտնի է, ներկայացվել է դատական հայց, բայց դրա քննությունը տարիներ է տևում:

Տեսանյութեր

Լրահոս