«Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նյութերի նախապատրաստության փուլը դեռ ընթացքի մեջ է». ՀՔԾ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:

Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն լրագրողներին ասել էր, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական գործ առայժմ հարուցված չէ: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվել, որոնք իր հանձնարարությամբ հենց ապրիլի 30-ին փոխանցվել են ՀՔԾ՝ հետագա ընթացքի իրականացման համար:
168.am-ը այսօր ՀՔԾ-ից փորձեց ճշտել, թե ինչ ընթացքում է սույն միջադեպի քննությունը:

«Նյութերի նախապատրաստության փուլը դեռ ընթացքի մեջ: Զարգացումների դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասաց Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ինչ վերաբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը, թե՝ «հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», Մարինա Օհանջանյանն ասաց, որ իրենք դեռ չեն ստացել դրանք:

Տեսանյութեր

Լրահոս