«Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկսել է «Ստի վերջը» խորագրով նոր տեսաշար, որի առաջին թողարկման ժամանակ ներկայացրեց իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման մանրամասները։

«Ես հանդիպել եմ այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ իր նախաձեռնությամբ՝ Հռոմում 2019թ․ փետրվարին։ Այդ հանդիպման մասին Արթուր Վանեցյանը, եթե հիշում եք, հայտարարեց, որ այո, ինքը հանդիպել է Միայել Մինասյանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Ի դեպ, ես Արթուր Վանեցյանին շատ լավ ճանաչում էի, երբեք չենք եղել մտերիմ, երբեք չենք եղել ընկեր։ Արթուր Վանեցյանն ինձ զանգահարեց, ասաց՝ գիտեմ, որ Հռոմում ես և ուզում եմ քեզ հետ հանդիպել, իմ հարցին, թե որն է թեման, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը քեզ մեսիջ ունի։ Ես ասացի՝ շատ լավ։ Ինքը եկավ, մենք հանդիպեցինք հյուրանոց «Դե Ռուսիում»՝ Հռոմի կենտրոնում, սրճարանում։ Ինքը ներկայացավ, ասաց՝ ես այստեղ եմ՝ որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, և իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասաց՝ ունենք առաջարկ՝ դու մուծում ես սիմվոլիկ գումար՝ կքննարկենք ինչպես, ուր, անշուշտ՝ ինչ-որ հիմնադրամի։ Ես չեմ հարցրել, ինքը հստակ չի ձևակերպել։ Ասաց՝ կմուծես ինչ-որ սիմվոլիկ գումար, դրանից հետո երբեք չես գա Հայաստան, գոնե թե առաջին տարիների ընթացքում, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարևոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ կյանքով՝ Հայաստանից դուրս»,-ասաց Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ պայմանավորվելու պահից սկսած բոլոր քրեական գործերը, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են․ «Խոսքը հորս մասին է, ընկերներիս մասին է։ Ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչու եմ մերժել Նիկոլ Փաշինյանին և Արթուր Վանեցյանին։ Ի դեպ, Արթուր Վանեցյանը սուրհանդակն էր, ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ես ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդը և իմ հայրենիքը այս վիճակում է։ Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, այլ գրել եմ և ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ։ Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարել և համարում եմ, հիմա նաև վստահ եմ, որ դուք ունեք դրա պատճառները, պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և ցավոք սրտի, պետք է արդեն ավելացնեմ՝ պետության թշնամի։ Այն, ինչ այսօր կատարվում է ՀՀ-ում, հայ ժողովրդի հետ և ՀՀ շուրջ, դա պարզապես պետական դավաճանություն է, ես ուրիշ բառ չունեմ ասելու։ Կարո՞ղ էի ես ապրել երջանիկ և լավ՝ միանշանակ՝ այո։ Ես կարող էի և կարող եմ։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը լքելուց հետո՝ 2018թ․ նոյեմբերից, ունեցել եմ բազմաթիվ աշխատանքի առաջարկներ՝ միջազգային կառույցներում, միջազգային կորպորացիաներում, մասնավոր ընկերություններում և նաև ուրիշ պետությունների կառավարությունների կողմից։ Ես դրանք մերժել եմ, որովհետև չէի կարող և չեմ կարող նստել և նայել, թե ոնց են կործանվում իմ պետությունը և իմ ժողովուրդը»։

Միքայել Միասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին մերժել է՝ իմանալով այն ուղին, որն իրեն սպասվում է․ «Ես սկսել եմ իմ պայքարը հյուրանոցում՝ մերժելով Նիկոլ Փաշինյանին՝ իմանալով, որ քրեական գործերը շատանալու են, իմանալով, որ քրեական գործերը խորանալու են, բայց ժողովուրդ, իմանալով և վստահ լինելով, որ ոչինչ չեն գտնելու, որովհետև ոչինչ չկա։ Ուզում եմ հստակ արձանագրենք, որ հեղափոխությունից 2 տարի անց չնայած՝ ամբողջ ուժային կառույցները, ազգային անվտանգությունը, դատախազությունը, ՊԵԿ-ը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն, բոլոր քննչական մարմինները ուղնուծուծով ուսումնասիրել են իմ ամբողջ գործունեությունը՝ բացահայտելով այնպիսի փաստեր, որոնց մասին ես մոռացել էի։ Այնպիսի մարդկանց են հարցաքննել, որոնց ես վերջին անգամ տեսել եմ 10-15 տարի առաջ։ Եվ այսօր կա իրավիճակ, որ չնայած ՀՀ վարչապետի բազմաթիվ հայտարարությունների, որ ես սեփականաշնորհել եմ ռազմավարական օբյեկտներ, որ այսպես, որ այնպես, թալանը, միլիարդները և ամենը մի կողմ, կրկնում եմ՝ չկա մի փաստ՝ որևէ մի թալանի, որևէ մի գործարքի, որն ուղիղ ապացուցում է, որ ես թալանչի եմ և այլն։ Ես ուզում եմ հստակ ձեզ ասել, որ ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել և ձեռքերս չեմ մտցրել Հայաստանի Հանրապետության բյուջեի մեջ, ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ։ Ավելին, ես այստեղ չեմ, որովհետև ես մեղավոր եմ, որովհետև ես ուզում եմ իշխել, ղեկավարել, ուզում եմ լինել լիդեր։ ՀՀ ղեկավարի թագը խաչ է, ես գիտեմ, որ այսօրվա ղեկավարները չեն հասկանում դա։ Իմ միակ դրդապատճառը ծառայելն է Հայաստանի ժողովրդին՝ դնելով իմ գիտելիքը, իմ կարողությունը, կապերը, իմ շրջապատը, իմ ապագան, իմ կյանքը։ Մի պետություն՝ մի ամբողջ պետական ապարատ, փոխանակ զբաղվի փրկելով, օգնելով, հասնելով, զբաղված է կապիկությունով և չստացված ռեպրեսիաներով։ Վերջ։ Մնացած մարդիկ ինչ ուզում են թող լինեն, լույսներն անջատեն՝ կզանգենք, լայվերով և շոուներով կզանգենք կասենք՝ դուք լավ եք ապրում, դուք չգիտեք, իսկ եթե վատ եք ապրում, ապա մեղավորը․․․ գիտեք»։

Վերջում նախկին դեսպանը կոչով դիմեց բոլոր նրանց, ովքեր այսօր աշխատում են ՀՀ իրավապահ մարմիններում և դատական համակարգում․ «Ամեն ինչ ֆիքսվում է, և խնդրում եմ ձեզ հավատացեք, որ հետո, երբ սկսեն ձեզ դատել, դուք չեք կարողանալու ասել, որ դուք կատարում էիք հրամաններ, իսկ այդ օրը, վստահեցնում եմ՝ շատ մոտ է»։

 

Տեսանյութեր

Լրահոս