«Նպատակը մեկն է՝ թիրախավորել այն կոնկրետ մրցակցին, որը կարող է հաղթել գործող վարչապետին». Քաղտեխնոլոգը՝ Արթուր Վանեցյանի հասցեին հնչող հայտարարությունների մասին
«Այս ամբողջ պատմության մեջ հարց է առաջանում, թե ինչու հենց Արթուր Վանեցյանը, և ոչ թե՝ այլ անձ, սա պատահական չէ: Խնդիրն այն է, որ արդեն մոտենում է կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հայտարարված արտակարգ դրության ավարտը, և, բնականաբար, քաղաքական կյանքն ակտիվանալու է: Ճիշտ է, մենք դե յուրե խորհրդարանական կառավարման երկրում ենք, և պետք է կուսակցություններն ուժեղ լինեին, սակայն նման կուսակցություններ չկան, ուստի Հայաստանում փաստացի մրցակցությունը տեղի է ունենում անհատների միջև: Պահպանելով սուպերվարչապետական համակարգը, մեր իշխանությունները կուսակցությունների գաղափարաքաղաքական պայքարը փոխարինել են անհատական պայքարով:
Հետևաբար՝ գաղտնիք չէ, որ այս պահին վարչապետի հիմնական մրցակիցը՝ որպես անհատ քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն է, որը չի ասոցիացվում նախկին իշխանությունների հետ և դիտարկվում է հիմնական մրցակից, որի դեմ էլ իշխանությունները կիրառում են փիառ տեխնոլոգիաներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի գրառմանը և դրան հետևած՝ Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 29-ին գրել էր, որ վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Նա նշել էր, որ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է:
«ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինը, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»,- գրել էր վարչապետի խոսնակը։
Դրանից հետո ԱԱԾ նախկին տնօրենը հանդես էր եկել հայտարարությամբ և հերքել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ սա իր ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր տեղադրել՝ ակնարկելով, որ ԱԱԾ նախկին տնօրենը պաշտոնը լքել է, քանի որ հայտնի է դարձել, որ նա հավաքագրվել է օտարերկրյա գործակալների կողմից:
Ի դեպ, պատգամավորի հայտարարության հետ կապված՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ նման քրեական վարույթ չունեն:
Ըստ քաղտեխնոլոգի՝ ներկայումս ԱԱԾ նախկին ղեկավարի նկատմամբ կիրառվում են սև PR տեխնոլոգիաներ, որն աշխարհում ընդունված բան է, դրանց նպատակը դիմացինի կերպարը սևացնելն է: Թերևս, սա է պատճառը, որ ներկայիս իշխանությունները փորձում են Արթուր Վանեցյանին կապել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի հետ՝ նրան անվանելով օտարերկրյա գործակալ, և ձգտում են ցույց տալ, որ նա արժանի չէ մրցակից լինելու գործող վարչապետին:
«Այս պահին իշխող քաղաքական ուժը շատ լավ հասկանում է, որ այլ մրցակից, որպես անհատ՝ չկա, բացի Արթուր Վանեցյանից: Ճիշտ է, Վանեցյանն ամեն ինչ չէ, որ ճիշտ է անում, ունի բազմաթիվ թերություններ, բայց նա է դիտարկվում արժանի մրցակից, և գրագետ աշխատելու դեպքում՝ բավականին մեծ հեղինակություն և վստահություն ձեռք կբերի ընտրազանգվածի մոտ, ինչը վտանգավոր է իշխանությունների համար: Սա է պատճառը, որ սև PR է կիրառվում նրա նկատմամբ, այլ ոչ թե, օրինակ, ԲՀԿ առաջնորդի հանդեպ, որովհետև հասկանալի է, որ վերջինս չի կարող մրցակից լինել գործող վարչապետին, պատճառը ոչ թե նրա լավ կամ վատ լինելն է, այլ պարզապես այդ անհատները տարբեր խնդիրներ ունեն լուծելու»,- շեշտեց Արմեն Բադալյանը:
Հարցին՝ մեղադրանքներ են հնչում Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի հասցեին, սա որևէ սկանդալի կարո՞ղ է բերել՝ նաև միջազգային առումով, քանի որ իշխանական պատգամավորն ակնարկում է, որ նա օտարերկրյա գործակալ է եղել, Արմեն Բադալյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այս ամենն ընդամենը սև PR տեխնոլոգիայի կիրառում է, նման օրինակներ աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր ձևերով օգտագործվում են:
«Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են այս կամ այն երկրի գործակալ լինելու մեջ, անգամ Միացյալ Նահանգների նախագահին էին մեղադրում, որ նա Ռուսաստանի օգնությամբ է նախագահ դարձել, բայց, ի վերջո, համապատասխան հետաքննության արդյունքում պարզվեց, որ Թրամփը սեփական ուժերով է նախագահ դարձել: Սա սկանդալի չի բերելու, նպատակը մեկն է՝ թիրախավորել այն կոնկրետ մրցակցին, որը կարող է հաղթել գործող վարչապետին:
Ի դեպ, բոլոր ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Դատախազությունը, իրավապահ համակարգը, շատ լավ հասկանում են, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում, և որևէ մեկը չգիտի, թե նա որքան կմնա իր պաշտոնում: Ուստի, եթե այժմ եռանդով ԱԱԾ նախկին տնօրենի դեմ սկսեն ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա չկա որևէ երաշխիք, որ, եթե կարճ ժամանակ անց վարչապետը փոխվի և, ընդունենք՝ այդ պաշտոնը ստանձնի ԱԱԾ նախկին ղեկավարը, ապա «գործ կարողների» ապագան կարող է լավ ավարտ չունենալ: Դրա համար ուժային կառույցների ղեկավարներն այս պահին մի կողմ են քաշվում»,- ընդգծեց նա:
Քաղտեխնոլոգը նաև հավելեց, որ, եթե Արթուր Վանեցյանը գրագետ աշխատի և ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործի, ապա սև PR-ն ազդեցությունը կարող է չեզոքացնել, եթե համապատասխան գործողություններ չիրականացնի, ապա սև PR-ն ինչ-որ չափով կարող է ազդեցություն թողնել: