
«Նման քրեական վարույթ չկա». Գլխավոր դատախազը՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի գրառման մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ այսօր Միքայել Մինասյանի վերաբերյալ ունեն ընդամենը մեկ տվյալ, որ վերջինս չի գտնվում ՀՀ-ում, և նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը նաև միջազգային կոնվենցիոն կարգավորումների շրջանակներում պետք է իրացվի գործընկեր երկրների իրավապահ մարմինների կողմից:
Ինչ վերաբերում է նրա տարբեր հայտարարություններին, Ա. Դավթյանը նշեց, որ այսօր բոլորն էլ գիտեն տեխնկական հնարավորությունների մասին, ուստի անձը ցանկացած վայրից կարող է անել ցանկացած հայտարարություն, սակայն նրա տեղը հնարավոր չլինի հայտնաբերել:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառմանը՝ կապված Արթուր Վանեցյանի հետ, որում ակնարկում էր, թե Վանեցյանը օտարերկրյա գործակալությունների կողմից հավաքագրված է եղել, որի պատճառով էլ գուցե նա հեռացվել է պաշտոնից, Արթուր Դավթյանն ասաց, թե քանի որ հաճախ հնարավորություն չի ունենում շփվելու լրագրողների հետ, առաջարկում է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են իր պաշտոնական տիրույթին:
«Եթե այդ անվտանգության վերաբերյալ կհրապարակվի փաստական տվյալ, դրա համար պաշտոնական պարտավորությունը ստանձնած անձին կարող եմ անդրադառնալ, նմանատիպ բազում հայտարարություններ կարող են լինել, բայց նման հայտարարությունն օպերատիվ ստուգման անհրաժեշտություն է ունենալու, բնականաբար, դրանք կստուգվեն: Իմ ունեցած տեղեկատվություններն իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում, բայց նման քրեական վարույթ չկա»,- ընդգծեց Արթուր Դավթյանը: