«1000 դրամների» հիմնադրամում ազատվում են անհետացած գումարների մասին խոսողներից, հիմնադրամում ասում են` «որոշողն իրենք չեն»
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը (ինքն իրեն դեռ համարում է խորհրդի անդամ) 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշ ժամանակ առաջ նամակ է ստացել առ այն, որ իրեն հեռացնում են հիմնադրամից, կամ` փոխարինում են ուրիշ մեկով, այն դեպքում, երբ ընտրվել է հինգ տարի ժամկետով:
Հավելենք, որ Մեսրոպ Մանուկյանի` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի կազմից հեռացման որոշումը կայացվել էր դեռևս 2019-ի դեկտեմբերին` ծածուկ պայմաններում, չէր ներկայացվել իրավական որևէ հիմք, նախապես չէր ծանուցվել:
168.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանից` հիշեցնելով, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ընտրվում է 5 տարի ժամկետով, և, որ կանոնադրության մեջ հեռացման մասին որևէ կետ չկա:
«Այդ որոշումը կայացրել են հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունները, որոնց վերապահված է 3 տեղի նշանակումը: Իրենք են ԵԿՄ-ի առաջարկության հիման վրա փոխել իրենց ներկայացուցչին: Դա հիմնադրամի խնդիրը չէ, դա հասարակական կազմակերպության խնդիրն է»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ կանոնադրության` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է ինն անդամից, որոնք նշանակվում են 5 տարի ժամկետով, մասնավորապես, 3-ին նշանակում է Կառառավարությունը, 3-ին` ԿԲ խորհուրդը, 3-ն էլ՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:
Մեսրոպյանն իր հեռացման մեջ դիտավորություն է տեսնում, քանի որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինն է բարձրաձայնել այն մասին, որ վարչապետի` աշխատատեղերի աճի մասին թվերը հիմնադրամում չեն արտահայտվում:
Ըստ նրա` դրանք կամ յուրացվում են, կամ թերհավաքագրվում:
Մոտ մեկ տարի առաջ 168.am-ի հետ զրույցում Մանուկյանն ասել էր. «Մեր ամբողջ հաշվարկը 500.000 աշխատողի շուրջ էր պտտվում։ Այսօր, երբ վարչապետի շուրթերից հնչում է՝ 602.000 աշխատող, ես կասկածի տակ չեմ ուզում դնել վարչապետի խոսքը, բայց պահանջում եմ, որ պատկան մարմինները վարչապետի խոսքերի իրականությունն ապացուցեն: Երեկ մեր հիմնադրամի գործադիր տնօրենը փաստեց` վարչապետի հայտարարած թվերը և իրականությունն իրար չեն համապատասխանում: Այդ թվերը տալիս են Պետեկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը։ Հիմա ասում եմ` տղերք, ո՞ւր է վարչապետի ասած 100.000 աշխատողի տարբերությունը, եթե այս թվով մուտքեր լինեն, դա 100 միլիոն դրամ է անում, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 1 միլիարդ»:
Հավելենք, որ երեկ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ կառավարությունը որոշել է իրեն հանել Զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից:
«Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերևացող գումարը։ Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաև վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որևէ տեղեկություն դրանից չկա։
Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն՝ որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետև նման բան չի կարող լինել՝ ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետև ոչ խորհրդարանը, ոչ էլ որևէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձևավորմանը մասնակցել»,- գրել էր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ տեղեկություն շրջանառվեց, թե մոտ 2 միլիարդ դրամի գումար չի փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, և, որ «գործը հասել է նույնիսկ Դատախազություն, որտեղ, ըստ էության, փորձում են գործը կոծկել»:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել էր` «նման քրեական գործ չկա մեր հսկողության ներքո»:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն էլ վստահեցրել էր` «գումարի պակաս չկա, դա չի համապատասխանում իրականությանը»: