«Եթե ասում եք՝ աշխատողների թիվը 602.000 է, ուրեմն բերեք՝ այդ 100 միլիոնը տանք էս մարդկանց». Մեսրոպ Մանուկյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է կազմակերպության հաշվետվությունը։

Ըստ նրա` 2017 թվականի հունվարի 1-ից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների:

Հիմնադրամի գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ և կատարվել ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։

Ավելի վաղ հրավիրած ասուլիսին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը տեղեկացրել էր, որ առաջարկություն են ներկայացրել ՀՀ պաշտպանության համար իրենց կյանքը և առողջությունը նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին առաջնահերթ օգնություն տրամադրելու վերաբերյալ` հաշվի առնելով բյուջեն եկամուտների մասով 25 տոկոսով գերակատարելու մասին վստահեցումները:

«168 Ժամի» հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանը պարզաբանել է իր հայտարարությունը, քանի որ այն թյուրըմբռնումների առիթ է տվել: Նա նաև պարզաբանել է, թե ինչի հաշվին է բյուջեն եկամուտների մասով 25 տոկոսով գերակատարվելու:

«Ինձ մեղադրում են, թե նախկինում ինչո՞ւ նման առաջարկությամբ հանդես չեմ եկել, հիմա ես ուզում եմ, որ հասարակությունն իրազեկ լինի` նախկինում չի եղել որդեգրած քաղաքականություն և մեթոդաբանություն, որ զոհվածի և հաշմանդամ դարձածի ընտանիքներին աջակցություն տրվի: Բյուջեն այդ ֆինանսական հնարավորությունները չի ունեցել: Այսօր կառավարության կողմից որդեգրվել է նոր քաղաքականություն, և պետության կողմից նոր չափորոշիչներ են սահմանվել, որով զոհվածի ընտանիքին աջակցություն է տալիս 30 միլիոն դրամի չափով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին` 15 միլիոնի, և այսպես շարունակ:

Ինձ համար քննելի չեն կառավարության չափորոշիչները, բայց ես առաջարկում եմ, որ այն մարդիկ, որոնք սահմանը պաշտպանելիս զոհվել են, այդ ընտանիքների մասով ևս պետք է այդ չափորոշիչները կիրառվեն, այսինքն` աջակցություն տրամադրվի նաև այս ընտանիքներին: Ամբողջությամբ կա 6040 ընտանիք, և ես ասում եմ, որ այդ ընտանիքներին ևս պետք է փոխհատուցել։ Ավելին, ցույց եմ տալիս փոխհատուցման գումարը` ասելով, որ կառավարությունը խոսում է բյուջեն եկամուտների մասով 25 տոկոսով գերակատարելու մասին, թեպետ սա էլ եմ հիմնավորում, որ այն շարունակական պրոցես չէ:

Այնպես չէ, որ այս տարի ունեցել ես, եկող տարի ունենալու ես: Մենք ԵԱՏՄ շրջանակում ամենաարտոնյալ մաքսային պայմաններով երկրներից ենք: Ասվածի վառ օրինակ է ավտոմեքենաների մաքսազերծումը, կան այլ ապրանքներ, որոնք ՀՀ-ում մաքսազերծվում են և արտահանվում են ՀՀ-ից դուրս: Եվ սա է հիմնական խնդիրը, որ բյուջեն եկամտային մասով ավելացել է: Եթե տեսնենք, որ արդյունավետ տնտեսություն վարելու արդյունքում է իրենց մոտ այդ ավելի քան 20 տոկոսի աճը եղել, ուրեմն ՀՆԱ-ն մինիմում 50-70 տոկոս աճ պիտի ունենար, բայց քանի որ դա չկա, ակնհայտ է դառնում` այդ մուտքերը «թունավոր մուտքեր են», այսինքն` եկող տարի իրենք չեն լինելու։

Ուստի, երկնքից ընկած այդ խնձորները կառավարությունը պետք է ուղղի ճիշտ հասցեատերերի: Ինչ վերաբերում է հիմնադրամի 10 միլիոնի խնդրին, ասում եմ` քանի որ հիմնադրամի տրամաբանության մեջ այդ 10 միլիոնը զոհվածի ընտանիքին փոխհատուցում են միանվագ, ինչպես նաև ամսական 200.000-500.000 դրամ` կախված սպայական կոչումից, և երբ անցած տարի առաջարկ եղավ վերադառնալ, նախորդ տարիների զոհվածներին ևս աջակցություն տալ, առաջարկեցի այս ընտանիքներին էլ միանվագ տալ: Չէ՞ որ մեր տրամաբանությամբ՝ կա 10 միլիոն միանվագ և ամսական փոխհատուցում. բացատրեցին, թե այդ գումարները չկան:

Մեր ամբողջ հաշվարկը 500.000 աշխատողի շուրջ էր պտտվում։ Այսօր, երբ վարչապետի շուրթերից հնչում է՝ 602.000 աշխատող, ես կասկածի տակ չեմ ուզում դնել վարչապետի խոսքը, բայց պահանջում եմ, որ պատկան մարմինները վարչապետի խոսքերի իրականությունն ապացուցեն: Երեկ մեր հիմնադրամի գործադիր տնօրենը փաստեց` վարչապետի հայտարարած թվերը և իրականությունն իրար չեն համապատասխանում: Այդ թվերը տալիս են Պետեկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը։ Հիմա ասում եմ` տղերք, ո՞ւր է վարչապետի ասած 100.000 աշխատողի տարբերությունը, եթե այս թվով մուտքեր լինեն, դա 100 միլիոն դրամ է անում, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 1 միլիարդ, ուստի այս պարագայում 10 միլիոնը 120 ընտանիքի կկարողանա ապահովել»:

Ըստ Մանուկյանի` եթե ընդունենք, որ պետությունը չի կարողանում այս փուլում 30 մլն միանվագ աջակցություն ցույց տալ, այլ պատրաստ է տալ 20 միլիոնը, ապա 10 միլիոնը հիմնադրամը թող հետհաշվարկով մարդկանց վճարի իր միջոցներից:

«Հիմա, եթե ասում եք՝ աշխատողների թիվը 602.000 է, շատ լավ, ուրեմն բերեք այդ գումարը տանք էս մարդկանց: Այս 100 միլիոնը, որ թալանում են, թե ինչ են անում, թող բերեն տեղը դնեն: Այսինքն` սրա տեղն էլ եմ մատնացույց անում ես»,- ասում է մեր զրուցակիցը:

Մանուկյանն ակնարկեց, որ զոհված զինծառայողների ծնողները կտրուկ քայլերի են ուզում գնալ, և իրենից էլ՝ որպես առաջակության հեղինակի, պահանջում են իրենց հետ մասնակցել այդ ցույցերին:

«Ասում են, որ պիտի գնան, կառավարությունը շրջապատեն, ես էլ ասում եմ` ժողովուրդ, սպասեք՝ կառավարությունը պատասխան տա, գուցե լուծում տա ձեր դիմումներին: Բայց իրենք էլ ասում են, թե պիտի կտրուկ քայլի դիմեն, քանի որ գումարը դեպոզիտ է, կառավարությունը կվերցնի ու կծախսի»,- ասաց Մ. Մանուկյանը:

Անդրադառնալով վարչապետի բերած թվերին` կապված ստվերից դուրս եկած աշխատողների թվի հետ, Մեսրոպ Մանուկյանը ներկայացրեց իր տնտեսական վերլուծությունը.

«Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է 1 տարի 4 ամիս, և եթե փաստենք, որ իրականություն է նրա ասածը, ստացվում է, որ մայիս ամսից մինչև սեպտեմբեր 67 հազար լրացուցիչ աշխատող է ի հայտ եկել: Ինքը պնդում է, որ սա ստվերից է դուրս եկել, հիմա ի՞նչ, ես ասեմ` դուք 1 տարի անգործության եք մատնվել, հովանավորել եք, որ ստվե՞ր լինի, ինչի՞ այդ 67.000-ը մինչև դա չէր դուրս գալիս ստվերից:

Մեկ այլ խնդիր. եթե վարչապետն ասում է, որ 67.000 աշխատատեղ է ստեղծվել, ակնհայտ է, որ այդ թիվը սուտ է, քանի որ մեկ լրացուցիչ աշխատատեղ ստեղծելու համար եթե ծախսում եք 30.000 դոլար, հիմա մեկը կարող է ասել, որ տնտեսությունում 2 միլիարդ դոլարի ներդրո՞ւմ է կատարվել մի քանի ամսվա մեջ: Սա ակնհայտ սուտ է, թվերն իրականությանը չեն համապատասխանում: Իմ ներսում ապրող օբյեկտիվ մարդն ասում է, որ վարչապետի հայտարարած թվերը սուտ թվեր են, մանիպուլյատիվ, իսկ իմ միջի լավատեսն ուզում է այդ թվերը տեսնի: Ես խնդիր չեմ դրել կառավարությանը վարկաբեկելու կամ փչացնելու: Հիմա խնդիրը հետևյալն է` զոհվածի ընտանիքի գումարը պետք է ծառայի իր նպատակին: Ես ուզում եմ մյուս կողմից էլ հավատալ, որ այդ թվերը գոյություն ունեն:

Հիմա ռազմավարությունս որոշել եմ փոխել և ասել` այդ թվերը կան: Բայցևայնպես, ուզում եմ հասկանալ` ո՞վ է այն տականք պաշտոնյան, որ փորձում է վարչապետի վրա ստախոսի պիտակ դակել, քանի որ նրան թիվ են ներկայացնում, նա հայտարարում է դրանք, իսկ հիմնադրամում մուտքերը չկան: Ստացվում է, որ ինչ-որ պետական պաշտոնյա փորձում է վարչապետին ստախոս դարձնել»:

«168 Ժամի» հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանը նաև վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո պակասել են նաև հիմնադրամին արվող նվիրատվությունները, ինչը նաև արդյունք է նրա, որ նոր իշխանությունը նախկինների պես դրսում բավարար լոբբինգ չի անում հիմնադրամի գործունեությունը, չի ոգևորում նվիրատուներին:

«Խորհուրդ կտայի այսօրվա պաշտոնյաներին՝ ուշադրություն դարձնել հիմնադրամի նվիրատվություններին, այսինքն` փոքր միջոցառումներ անեն, որ հիմնադրամի գաղափարները դառնան մասսայական, այստեղ էական չէ գումարի չափը: Ակնհայտ է, որ անցած տարիներին հիմնադրամին արվող նվիրատվությունների գումարը շատ ավելին է եղել, քան հեղափոխությունից հետո: Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից հետո նվիրատվություններ չեն կատարվում, դրանք պակասել են: Ժամանակին Վիգեն Սարգսյանը բոլոր տեղերում զբաղված էր հիմնադրամի լոբբինգով, այսօր չեմ տեսնում այդ պաշտոնյաներին, որ ամեն տեղ ներկայացնեն և արժևորեն այս հիմնադրամը»,- ասաց Մանուկյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս