17:12 06.03.2020 | Ապրիլի 5-ի հանրաքվեի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղին․ հայտարարություն
«Սասնա ծռեր» կուսակցությունն ու մի շարք գործիչներ հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Ապրիլի 5-ի հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար:
Նախ՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության: Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի:
Բացի այդ՝ կեղծ ու ապօրինի սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ ապօրինի սահմանադրական դատարանի՝ նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ անդամներին հեռացնելու նպատակ հետապնդող այս հանրաքվեն խորապես վիրավորում է մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվությունը և վտանգում է մեր ապագան:
Այն ստիպում է մեզ ընտրություն կատարել վատի և վատթարի միջև, առաջարկում է անցնել ապազգային ու հանցավոր կառավարման համակարգի թրի տակով, ինչն ըստ էության ոտնահարում է մեր կամքի ազատությունը և զրկում է մեզ իրական ընտրության հնարավորությունից, ինչպես նաև մեր ձեռքով զուգահեռաբար լեգիտիմացնում է կեղծ ու ապօրինի սահմանադրությունը և արդարացնում է տասնամյակների թալանն ու իրավունքի բռնադատումը:
Պատճառն այն է, որ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հեղափոխություն անելու և ազգային համախմբմամբ վատի ու վատթարի միջև մահացու երկընտրանքից ազատագրվելու քայլեր կատարելու փոխարեն դարձան նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ և մինչ օրս մեզ պահում են մերժված համակարգին, նրա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը, օրենքներին, ինստիտուտներին ու պաշտոնյաներին ենթակա կարգավիճակում՝ ստիպելով մնալ չարյաց փոքրագույնի փակուղում:
Իշխանության նման վարքի պարագայում բնավ զարմանալի չէ, որ պետական ինստիտուտները, իշխանության թիմը, ապազգային ու հանցավոր նախորդ ռեժիմների ներկայացուցիչները՝ իրենց սպասարկու ուժերի, շրջանակների և լրատվամիջոցների հետ միասին, յուրահատուկ կերպով միավորվել են հանրաքվե կոչվող խաղի մեջ և ամեն ինչ անում են, որ ժողովուրդը մասնակցի դրան:
Ստեղծվել է մի իրավիճակ, որ հանրաքվեն, լինելով ուղիղ ժողովրդավարության և ժողովրդաիշխանության շատ ընդունելի և գերադասելի գործիք, կոնկրետ այս պարագայում առաջացնելու է դրանց հակառակ արդյունք:
Վերոգրյալի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք արհեստականորեն չստեղծել ազգային անվտանգության նոր մարտահրավերներ, մասնավորապես՝ չվտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, չսահմանափակել ժողովրդի կամքի ազատությունը և նրան չներքաշել բացառապես իր պատճառով ձախողման եզրին հասած խնդիրների լուծման մեջ, այլ վերջապես ստանձնել հեղափոխության մանդատով իրեն տրված հանձնարարությունը և այդ մանդատի լիազորությամբ.
չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն և/կամ նշանակելով ՍԴ դատավորներ և/կամ կիրառելով այլ տարբերակ,
հրաժարվել նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդությունից, Ազգային ժողովի որոշմամբ իրավաքաղաքական գնահատական տալ նրանց գործունեությանը և ճանաչել պետության զավթման և իշխանության յուրացման փաստը,
հիմք ընդունելով իրավաքաղաքական գնահատականը՝ կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.
– քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ), դրա շրջանակներում պատասխանատվության կանչելով նաև որպես պետության զավթման և իշխանության յուրացման գործիք ծառայած ՍԴ անդամներին,
– լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,
ոչ առկա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը համապատասխան, այլ իշխանության աղբյուր ժողովրդի իրավունքի ուժով և միջազգային փորձի տեղայնացմամբ մինչև տարեվերջ կազմակերպել համաժողովրդական մասնակցությամբ նոր Սահմանադրության մշակման և հանրաքվեի գործընթաց:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Ալբերտ Բաղդասարյան
Արմենակ Կյուրեղյան
Վոլոդյա Ավետիսյան
Եղիշե Պետրոսյան»։