Վրաստանը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ուղիղ ավիահաղորդակցությունն Իտալիայի հետ
Վրաստանի կառավարությունը մարտի 6-ին որոշում է ընդունել Իտալիայից ուղիղ ավիաթռիչքները ժամանակավորապես դադարեցնելու մասին, ինչը կապված է այնտեղ նոր կորոնավիրուսի տարածման հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել թռիչքներն Իտալիայից: Վրաստանի կառավարությունը հորդորում է մեր երկրների քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ համաճարակի բարձր ռիսկեր ունեցող երկրներ (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան) ճամփորդելուց»,-ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն, Վրաստանի քաղաքացիները, որոնք կվերադառնան այն երկրներից, որտեղ բարձր է կորոնավիրուսի տարածման ռիսկը, պարտադիր 14-օրյա կարանտին կանցնեն: Օտարերկրացիները, որոնք այցելում են Վրաստան եւ վերջին 14 օրվա ընթացքում եղել են այն երկրներում, որտեղ նոր վարակի բարձր աճ է դիտվում, նույնպես պարտավոր կլինեն կարանտին անցնել կամ սահմանում տեղեկանք ներկայացնել այն մասին, որ իրենք վարակված չեն կորոնավիրուսով:
Ներկայում Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման ինը դեպք է հայտնաբերված: Բոլոր վարակվածները Վրաստանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: