Հայկ Սարգսյանի կարծիքով՝ պետական համակարգում կան դավաճաններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի հետևել Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն ներխուժած իրավապահների գործողություններին և դրա հետ կապված զարգացումներին, սակայն վստահ է, որ ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում և ամեն ինչ անում են օրենքի սահմաններում:

«Հայաստանում որևէ մեկը չի կարող հետապնդվել, այս իմաստով կարող եմ ենթադրել, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի սահմաններում»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավապահ մարմինների գործողությունները, որոնք, ըստ Արամ Վարդանյանի փաստաբանների՝ եղել են ապօրինի:

Նշենք, որ մարտի 4-ի գիշերը իրավապահ մարմինները ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող բնակարան, գործողությունն իրականացրել են պատուհանները ջարդելու և ճաղավանդակները կտրելու միջոցով:

Հայկ Սարգսյանի խոսքով, «տվյալ ուժային կառույցն է որոշում, թե ինչպես ներխուժի այս կամ այն անձի տուն», ինչը կախված է գործի առանձնահատկություններից, և տվյալ կառույցն է ընտրում իր մեթոդը:

Դիտարկմանը, որ հասարակությունը դժգոհ է իրավապահների գործողություններից, մասնավորապես, երբ վերջիններս բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին ասֆալտին պառկեցնելով, Հայկ Սարգսյանն ասաց, որ հասարակությունում որևէ դժգոհություն չկա, նման տպավորություն փորձում են ստեղծել մի քանի լրատվամիջոցներ, քանի որ ինքը շփվում է հասարակության ներկայացուցիչների հետ և բողոքներ չի լսել:

«Իհարկե, լինում են բողոքներ, սակայն ընդհանուր առմամբ գոհ են Կառավարության աշխատանքից»,- ընդգծեց պատգամավորը:

Հայկ Սարգսյանից նաև հետաքրքրվեցինք, եթե վարչապետը դժգոհ է իր որոշ կադրերից, ապա նրանց ինչո՞ւ չի հեռացնում աշխատանքից, ինչին ի պատասխան՝ նա  ասաց, որ կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է:

«Կադրերի վերաբաշխումը, որոշ կադրերի հեռացումը կամ նշանակումը լինելու է մշտական, ինչը բնականոն ընթացք է, և բնական է, որ որոշ կադրերից վարչապետը կարող է դժգոհ լինել»,- հավելեց նա:

Պետական համակարգում կա՞ն դավաճաններ՝ հարցին, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:
Թե  ինչո՞ւ չեն հեռացվում, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակի հարց է, բոլոր դավաճաններն էլ հեռացվելու են, մի անհանգստացեք, դավաճանների հարցերը ժամանակի ընթացքում լուծվելու են սիրո և համերաշխության տրամաբանության միջոցով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս