«Այդ մարդուն նույնիսկ դեմքով չեմ ճանաչում». Հայկ Գևորգյանը հերքում է «Վստրեչի ապերի» աջակցությունը
Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը գտնվել են քրեակատարողական հիմնարկում՝ նրանց և նրանց ընտանիքներին օգնել է։ Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ժամանակին Արամ Վարդանյանն իրեն օգնե՞լ է և ի՞նչ հարցով է օգնել։
«Ես աջակցության, մանավանդ՝ նման տեսակի աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու երբեք, ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ։ Ընդհանրապես նրան չեմ դիմել, ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել։ Նա ասել է, որ իբրև ինձ հեռախոս են փոխանցել, նման բան չի եղել, ես 72 ժամվա ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել և դրա կարիքն էլ չեմ ունեցել։ Փաստաբանն ամեն ինչի մասին տեղյակ է եղել, ի դեպ, Վահե Գրիգորյանն է եղել»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը վստահեցրեց, որ չգիտի, թե ինչու է Արամ Վարդանյանը նման բան ասել, չի կարող նաև ասել, թե դրա նպատակը որն է, մանավանդ այն դեպքում, երբ երբևէ վերջինի հետ առնչություն չի ունեցել։
Հայկ Գևորգյանն ընդգծեց, որ 72 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում իրեն որևէ մեկը նեղություն չի տվել. «Շատ հրաշալի օրեր եմ անցկացրել, միայն կերել ու քնել եմ, այդ ժամանակ թերթում խիտ ռեժիմով էինք աշխատում, ու ես փաստորեն երեք օր արձակուրդ գնացի»։
168.am-ի դիտարկմանը՝ եթե քրեակատարողականում լավ ժամանակ է անցկացրել, այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում նախկին ռեժիմի իրավապահ համակարգից, Հայկ Գևորգյանը պատասխանեց. «Ես հենց դուրս գալու օրն էլ չեմ դժգոհել ու շնորհակալություն եմ հայտնել Վովա Գասպարյանին, որ ինձ երեք օր արձակուրդ տվեց»։
Հարցին՝ ժխտո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանին էլ չի օգնել Արամ Վարդանյանը, Հայկ Գևորգյանը պատասխանեց, որ իսկապես տեղյակ չէ. «Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ կարողանում հասկանալ։ Ես չգիտեմ, թող ինքը բացատրի, թե ինչու է նման բաներ ասում։ Հիմա ես ասում եմ, որ նման բան չի եղել, իրավապահներին չեմ դիմի, գնա՞մ դատի տամ։ Չի եղել նման բան, ես այդ մարդուն նույնիսկ դեմքով չեմ ճանաչում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում