Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը խնամքի կենտրոնում չի եղել. Շիրակի մարզպետարանից հերքում են
Երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բազմաթիվ տրավմաներով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր վիճակում:
Երեխայի և ընտանիքի մասին տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը դիմել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանին: Փորձեցինք պարզել, թե որքանով է համապատասխանում իրականությանը սոցիալական ցանցում տարածված այն տեղեկությունը, որ երեխան եղել է Գյումրիի խնամքի կենտրոններից մեկում, իսկ Կառավարության որոշմամբ կենտրոնի փակվելուց հետո երեխան վերադարձել է անբարենպաստ ընտանիք:
Արաքս Կիրակոսյանը հերքեց երեխայի՝ խնամքի կենտրոնում գտնվելու մասին լուրը:
«Երեխան հանրակրթական դպրոցի սան է եղել մինչև հիվանդանոցում հայտնվելը: Նա որևէ խնամքի հաստատության սան չի եղել: Ապրել է իր մայրիկի հետ, որևէ կերպ մեր տեսադաշտում չի հայտնվել՝ որպես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա»,- ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին և նրա 13-ամյա դստերը, որին ծայրահեղ ծանր վիճակում գիշերը ժամը 1:30-ին տեղափոխել են Երևան: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի երիտասարդ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: