Ի՞նչ էր կատարվում Արցախում 1917-20-ական թվականներին

20-րդ դարասկիզբը Հայոց պատմության ամենախառնակ ժամանակաշրջաններից մեկն էր։  Ցեղասպանությանն ու կոտորածներին հաջորդում էին պատերազմները, պատերազմներին` անկախությունը, իսկ անկախությանը` մեկ այլ «անկախություն»։ Թերևս, պատմական այդ շրջանից մեզ հասած հաստափոր գրքերը տալիս են բավականաչափ տեղեկություն։ Այդ շրջանում հետաքրքրական իրադարձություններ էին կատարվում նաև Արցախում։ Պետք է չմոռանալ, որ Արցախի բռնակցումը տեղի ունեցավ հենց այդ ժամանակաշրջանում։ Սրանից զատ, հետաքրքիր դեպքեր էին կատարվում նաև պատմության թատրոնի ետնաբեմում։ Այդ տեղեկությունները թաքնված են տվյալ ժամանակաշրջանի մամուլում։

Հետաքրքրական է, որ մինչ օրս 20-րդ դարասկզբի մամուլը նոր շերտեր ու պատկերներ է բացում մեր առաջ։ Նախ պետք է նշել, որ դեռ 1917-ից սկսած Արցախում թուրք-թաթարներն իրականացնում էին փոքր հանցագործություններ։ Այդկերպ փորձում էին ինքնահաստատվել և Արցախում կոտորածների հիմքերը դնել։ Նմանատիպ վայրագության, որն արդեն իսկ առաջացնելու էր հասարակության կողմից բողոք, հանդիպում ենք Խաչենի գյուղերից մեկում։

«Ղայլաբու գյուղ (Խաչեն), մայիսի 30

Ամսի 20-ին գյուղիս հանդից թուրքերը գողացել են համագյուղացի Իսրայել Մնացականյանի երկու կովը, որոնցից մեկը փախչելով՝ վերադառնում է, իսկ մյուսը՝ մինչև օրս չկա։ 22-ի գիշերը նույն Մնացականյանի տան բակից տարել են երեք տավար, որոնցից երկուսը գտնվել են անտառում կապված։ Նույն օրը համագյուղացի Արամ Տեր-Ղուկասյանը (15 տարեկան) ընկերների հետ գնում է անտառ՝ փայտի։ Ճանապարհին պատահում են մի խումբ խալֆալուեցի թուրքեր, որոնք արածեցնում էին մեր գյուղացիների խոտհարքերում։ Ընկերներն Արամին ուղարկում են խոտհարքներից դուրս անելու թուրքերի ապրանքը, բայց վերջինները սառը զենքով վիրավորում են նրան՝ երեք-չորս տեղից։

Չորս օր է արդեն, ինչ գյուղիս Դավիթ Ներսիսյանի գործարանի բանվորները գործադուլ են հայտարարել և առաջարկել են մի շարք պահանջներ։

Գյուղիս սով է սպառնում։ Երաշտից ամբողջ արտերը փչացել են։ Շամիր Գևորգյան»։ («Ապառաժ», 1917 թվական, հունիսի 4)

Սա ուղղակի թուրք-թաթարական վայրագություններից միայն մեկ օրինակ է, որ հանդիպում ենք այդ թվականների մամուլում։ Արդեն իսկ 1919 թվականի Արցախի կոտորածների մասին հանդիպում ենք նաև Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքում։ Գրքում ներկայացվում է, թե ինչպե՞ս էին անգլիական ներկայացուցչության աչքի առաջ զինված թուրքերն ու քրդերը կոտորում ու թալանում Արցախի գյուղերի բնակչությանը.

«1919 թվականի հունիսի 5-ին, անգլիական ներկայացուցչության և ադրբեջանյան հրամանատարության աչքի առջև, թուրք ու քուրդ զինված խուժանը կոտորեց Շուշիից 2 վերստ հեռու գտնվող Ղայբալիքենդ հայկական մեծ գյուղը։ Անլուր բռնություններ գործվեցին անպաշտպան կանանց ու երեխաների վրա։ Մի քանի հարյուր մարդ սպանվեց, գյուղը ավարի տրվեց ու քարուքանդ եղավ։ Ղայբալիքենդի կոտորածից հետո, մոտակա Կրկժան գյուղի հայ բնակիչները սպիտակ դրոշ բարձրացնելով` ուղևորվեցին Խանքենդ դիվիզիայի պետի մոտ` պաշտպանություն խնդրելու նպատակով։…….Կրկժանն այնուամենայնիվ ավերվեց ու թալանվեց հուլիսի 7-ին. Բոլոր հայերի տները հրդեհվեցին զորքերի աչքի առջև, զինվորական շտաբից մի վերստ հեռավորության վրա։ Նույն պայմաններում, զորքի աչքի առջև, հաջորդ օրը, ավերվեց ու թալանվեց և Փահլյուլ հայաբնակ գյուղը, որի ավերածությանը մասնակցեցին նաև ասկյարները։ Խանքենդից ոչ հեռու, իր կալվածում, թուրք պահակների ներկայությամբ սպանվեց Նատալյա Աթաբեգյանն ու իր աղախինը. դիակները կորան անհետ»։  (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 334)

Հատկանշական է, որ սրանք թուրք-թաթարական վայրագությունների միայն մի մասն էին, քանի որ առջևում դեռ Շուշիի կոտորածն էր, որին զոհ գնաց ավելի քան 20 հազար մարդ։ Հետաքրքրական է, որ այս նույն ժամանակաշրջանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները` բոլշևիկները, իրենց պարբերականներում փորձում էին Առաջին Հանրապետության իշխանության ներկայացուցիչներին մեղադրել Արցախի հետ կապված անհաջողություններում։ Հետաքրքրական է, որ մեկ դար առաջ դրված այս ավանդույթը շարունակվեց գրեթե բոլոր ժամանակներում։ Եվ գրեթե բոլոր ընդդիմություններն իշխանություններին մեղադրեցին Արցախում անհաջողությունների համար։ Բոլշևիկյան «Կայծ» թերթում տեսնում ենք, թե ինչպես էին քննադատվում այդ ժամանակաշրջանում մեր երկրի ղեկավարները։

«Ո՞վ է մեր մինիստր նախագահը։ Որքա՞ն նա համապատասխան է ներկա քաղաքական  մոմենտի սիտուացիային։ Որքա՞ն նրա արտաքին քաղաքականությունը տալիս է գրավականներ, որ նա հնարավորություն կունենա օգտվելու քաղաքական աշխարհի ներկա դրությունից և մեր ժողովրդի կյանքը տանելու ցանկալի ուղիով։ Այս հարցին որոշ պատասխան տալու համար բավական է բերել մի քանի նմուշներ պ. Քաջազնունու վերջին տարվա գործունեությունից, որպեսզի ամեն մի հայ, որ քիչ թե շատ շահագրգռված է հայ ժողովրդի բարեկեցությամբ, առանց մազաչափ անգամ տատանվելու հայտարարի. «Հեռու նման գործիչները, նրանք իրավունք չունեն իրանց ձեռքում պահելու մեր կառավարության ղեկը։

…..Պ․ Քաջազնունին և Խատիսյանը մեկնեցին Բաթում Չխենկելու հետ միասին կատարելու իրենց սև գործը։ Առաջին աշխատանքը, որ նրանք կատարեցին, այդ այն էր, որ այդ խորիմաստ քաղաքագետները մի նոր անորակելի քայլ արին Ղարաբաղի վերաբերմամբ․ նրանք համաձայնության եկան Ադրբեջանի մարդասպանների հետ Ղարաբաղը զիջելու նրանց ու պահելու Ադրբեջանի սահմաններում։

Ո՞վ էր իրավունք տվել Քաջազնունուն և Խատիսյանին գործել այդպիսի ոճիր Ղարաբաղի հանդեպ։ Մի՞թե հայ ժողովուրդը կարող է ներել նրանց այս սև գործը և տեսնել իրենց իր ղեկավարների շարքում»։ («Կայծ» թերթ։ 1918 թվական, նոյեմբերի 9)

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս