Բաժիններ՝

Իրաքի նախագահը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեկտեմբերի 26-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Պատգամավորներին հղած իր ուղերձում Սալեհը նշել է, որ, իր համոզմամբ, «քաղաքական ու խորհրդարանական գործունեությունը պետք է համապատասխանի ժողովրդի բարձրագույն շահերին»:
Իրաքի նախագահը պաշտոնաթողության դիմում է ներկայացրել քաղաքական ծայրահեղ ծանր իրադրության եւ նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցությունների համաձայնության գալու անհնարինության ֆոնին: Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախագահն անհամաձայնություն է հայտնել խոշորագույն խորհրդարանական դաշինքի՝ «Ալ Բինաա»-ի կողմից վարչապետի պաշտոնին Բասրայի նահանգի նահանգապետ Ասաադ ալ Իդանիի թեկնածության առաջադրմանը:

Իրաքում հոկտեմբերի սկզբից չեն հանդարտվում բողոքի ակցիաները կենսապայմանների վատացման, երիտասարդության շրջանում բարձր գործազրկության եւ կոռուպցիայի դեմ, որոնք գրեթե ամենուրեք ուղեկցվում են բախումներով, ավերումներով ու բռնություններով: Այդ ընթացքում զոհվածների թիվը գերազանցել է 500-ը, տուժել է ավելի քան 20 հազար մարդ:

Այս իրադարձությունների ֆոնին նոյեմբերի 30-ին հրաժարական է տվել վարչապետ Ադել Աբդել Մահդին, դեկտեմբերի 1-ին այն հաստատվել է խորհրդարանի կողմից, եւ այժմ նրա նախարարների կաբինետը շարունակում է պարտականությունները կատարել մինչեւ նոր վարչապետի նշանակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս