«Թե նախարարությունն ի՞նչ է մտածում՝ չգիտեմ». Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենն ու աշխատակիցները կրկին դիմել են դատարան
Մոտ մեկ տարի է՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում խառնաշփոթ է: Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի փոխարեն՝ 2019 թ. հունվարի 9-ին ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Փալանջյանը, ում, ինչպես ասում են աշխատակիցները, ոչ ոք այդպես էլ չտեսավ:
Այդ ընթացքում Գայանե Կարապետյանը հայցադիմում ներկայացրեց իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
Արդյունքում՝ դատարանն անվավեր ճանաչեց մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվեց հուլիսի 4-ին և ուժի մեջ մտավ օգոստոսի 4-ին: Արձանագրվեց, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)) տուգանեցին 800.000 դրամով ու չեղյալ համարեցին հրամանը:
Վճռի հրապարակումից 5 ամիս է անցել, սակայն Մշակույթի նախարարության իրավահաջորդ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդպես էլ չի կատարել դատարանով սահմանված պարտավորությունները:
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի փոխանցմամբ՝ դատարանի վճիռը չկատարելու համար հարկադիրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշիվների վրա կալանք է դրել: Իսկ ԿԳՄՍ-ն էլ դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացնեն` դատարանի որոշումն ի կատար ածելու համար:
«Մեկ միլիոնից ավելի միայն ինձ են պարտք՝ առանց վերջնահաշվարկի: Իսկ հիմա արդեն ամբողջ կոլեկտիվն է դիմել դատարան (19 աշխատող): Չստացած աշխատավարձերի և իմ վերջնահաշվարկի մասով վարույթն ընդունվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:
Նրա փոխանցմամբ՝այս ընթացքում բազմաթիվ գրություններ են եկել թատրոն այն մասով, որ հաշվետվություններ չներկայացնելու համար կրկին տույժ-տուգանքներ են կուտակվել:
«Թե նախարարությունն ի՞նչ է մտածում, ես չգիտեմ: Հարկադիրից փնտրել ու չէին գտել ժամանակավոր պաշտոնակատարին, եկել են թատրոն՝ այնտեղ էլ չի եղել, հետո բազմաթիվ գրություններ ստացանք այն մասին, որ տուգանքներ են եկել՝ 2019թ. հաշվետվությունը չներկայացնելու համար»,- եզրափակեց Գայանե Կարապետյանը: