Բաժիններ՝

Դատարանն անվավեր է ճանաչել Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենին պաշտոնից ազատելու հրամանն ու նախարարությանը տուգանել է 800.000 դրամով

Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի՝  Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին:

«Արձանագրվել է, որ ինձ աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը»,- 168.amի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:

«Արդեն նախարարությանը տեղեկացրել եմ, որ ունեմ որոշումը: Մնում է՝ իրենք որոշեն, թե ինչպես պետք է վարվեն»,- հավելեց նա:

Գայանե Կարապետյանի փոխանցմամբ՝ թատրոնն էլ նոր պահանջ է ներկայացնում դատարան՝ աշխատակիցների՝ 6 ամիս աշխատավարձ չստանալու համար:

«Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարի անգործության պատճառով հարկային դաշտում կուտակվել են լուրջ տուգանքներ, 6 ամիսների հաշվետվությունների տույժ-տուգանքները ևս եկել են իմ անունով, քանի որ հարկային դաշտում ես եմ երևում՝ որպես տնօրեն: Տնօրենի պաշտոնակատարը չի էլ տեղեկացրել հարկային ծառայություններին, որ կա ժամանակավոր պաշտոնակատար, և ըստ նախարարության հրամանի` նախկին տնօրենն ազատված է աշխատանքից»,- նշեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Նրա խոսքով՝  քանի որ պաշտոնավարման ժամկետը լրացած է եղել, դրա համար աշխատանքի վերականգնման հարցը չի բավարարվել, ուստի սպասում է նախարարության հետ առաջիկայում սպասվող քննարկմանը, որպեսզի հարցերը լուծում ստանան:

Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Գայանե Կարապետյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ  Ամանորի շեմին ՀՀ մշակույթի նախարարությունն անակնկալ է մատուցել իրեն: Տեղեկացրել են, որ նա այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէ,  ուրիշն է գալիս փոխարինելու:

«Կարող էին մեկ տարով էլ իմ պաշտոնավարման ժամկետը երկարացնել, բայց  հայտնեցին, որ որոշել են՝ մրցույթ պետք է լինի ու տնօրեն ընտրվի: Հետո իմացա, որ նոր ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում որևէ մեկը չի ճանաչում. ընդամենը տեղեկություն կա, որ, իբր Օպերային թատրոնում պարող է: Երևի թատրոնի հասցեն էլ չգիտի»:

Այն ժամանակ  ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն էլ հայտնել էր, որ ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել:

«Ըստ օրենքի՝ Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 28-ին: Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ ում ժամկետն ավարտվում է, ավտոմատ չենք շարունակում, նշանակում ենք նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնին, ապա այն բազմաթիվ խնդիրներ ունի՝ և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական: Անհասկանալի է, թե այդ թատրոնն ինչո՞վ է զբաղված: Ստանում է սուբսիդիա, պետք է ունենա տարեկան աշխատանքային պլան, ներկայացումների ցուցակ, բայց  ներկայացումները լցնում է լրացուցիչ պլանի հաշվին, որն էլի նախարարությունն է տալիս, որպեսզի մարզերում ներկայացումներ կազմակերպի»,- ասել էր Նազենի Ղարիբյանը:

 

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս