Բաժիններ՝

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակիցներն ահազանգում են

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) Գայանե Կարապետյանին, ինչպես ինքն է մեզ հետ զրույցում ասում՝  Ամանորի շեմին ՀՀ մշակույթի նախարարությունն անակնկալ է մատուցել: Տեղեկացրել են, որ նա այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէ,  ուրիշն է գալիս փոխարինելու:

«Կարող էին մեկ տարով էլ իմ պաշտոնավարման ժամկետը երկարացնել, բայց  հայտնեցին, որ որոշել են՝ մրցույթ պետք է լինի ու տնօրեն ընտրվի: Ես երկու ամիս առաջ, երբ հանդիպեցի Մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանին՝  խորհրդակցեցի նրա հետ՝ ասելով, որ, եթե ժամկետը չպետք է երկարաձգեն, թող լինի ժամանակավոր պաշտոնակատար, բայց այնպես, որ տարին փակենք: Պատասխանեց, որ խնդիր չկա: Կարգն է այդպես՝ հաշվետվություն կա, փաստաթղթեր…

Սակայն երկու օր առաջ իմացա, որ նոր ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում որևէ մեկը չի ճանաչում, ընդամենը տեղեկություն կա, որ, իբր Օպերային թատրոնում պարող է: Երևի թատրոնի հասցեն էլ չգիտի:

Այնինչ,  ժամանակավոր պաշտոնակատարի  համար որ հրաման են տվել՝ գրված է՝ ոչ ավել, քան 6 ամիս, մինչև տնօրենի մրցույթ հայտարարելը: Ինձ ասում են՝ թող նա մնա ժամանակավոր պաշտոնակատար, հետո կուզեք՝ եկեք տնօրենի մրցույթին մասնակցեք: Մենք մրցույթների կազմակերպման ձևն էլ շատ լավ գիտենք, հայտերի ձևն էլ:

Մի թատրոնի համար երեք անգամ հայտարարություն են տալիս, թեկնածուին համապատասխան մրցույթի նորմեր հայտարարում: Առանց խորհրդակցելու են նորին նշանակել ԺՊ: Եթե  թվում է, որ թատրոնն իրենց պետք է նվիրենք՝ չարաչար սխալվում են: Նախարարությունն ինձ զրոյական վիճակում է տվել թատրոնը՝ մեկ կնիքով ու շտամպով: Նախկին կաթսայատան տարածք կար, տվեցին, սկսեցինք վերանորոգել: Ինձ ԱՄՆ-ից են հրավիրել այստեղ աշխատելու: 2012 թվականից թատրոնի տնօրենն եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Կարապետյանը՝ հավելելով,- Կապ հաստատեցի Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, ասաց՝ լավ կանեք՝ արժանապատիվ կերպով գնաք, եթե ոչ՝ աուդիտ կուղարկեմ:

Հարցնում եմ՝ ո՞րն է իմ թերացումը, պատասխանում է՝ ես խորքային ուսումնասիրել եմ, ձեր ցուցանիշները կատարել եք ձեզ տված գումարներով՝ մարզերում: Մի փոխնախարար, որը տեղյակ չէ, որ մարզային մինիմում 9 ներկայացում ամրագրված է մեր սուբսիդային պայմանագրով, իր հետ էլ ի՞նչ խոսեմ: Նախարարն էլ, քանի որ  բոլոր հարցերից անտեղյակ է ու միշտ ասում է՝ ես տեղեկացված չեմ, միգուցե իրեն ներկայացրել են, որ վա՞տ է ամեն ինչ։ Չգիտեմ… Գոյություն ունեն ոչ  ֆինանսական և ֆինանսական հաշվետվություններ:

Մենք այն գերակատարել ենք, որից հետո նախկին նախարար Արմեն Ամիրյանը կրկնակի բաձրացրել է մեր պլանային ցուցանիշները՝  40 ներկայացումից՝ դարձրել 85:  Երևի մեկին ձեռնտու չէ՞, որ Գյումրիում հաճախակի ենք խաղում կամ, օրինակ, Բերդում»:

Գայանե Կարապետյանի փոխանցմամբ՝ թատրոնի 40 աշխատողները դեմ են նախարարության այս որոշմանը:

«Այս թատրոնը մենք ենք ոտքի կանգնեցրել, որովհետև ավերակ էր: Նախարարությունը մինչև օրս չի օգնել: Հիմա էլ ասում են՝ ձեր պլանը կատարել եք մարզերում. այդպես ավելի լավ չէ՞: Մարզի երեխան իրավունք չունի՞ ներկայացումներ նայի: Սա ի՞նչ մտածողություն է…»,- ասաց դերասան, բեմադրիչ Սամվել Սարգսյանը:

Ռաֆայել Գրիգորյանին էլ վրդովվմունք էր պատճառել հանկարծակի կայացված այս որոշումը:

«Կարելի է որոշում ընդունել, բայց ոչ հանկարծակի: Ցուրտ ու բքին Գյումրիում երեխաների համար ներկայացում էինք խաղում, մեկ էլ հանկարծ զանգում և տնօրենի պաշտոնակատարին հանում են գործից ու փոխարենը նշանակում մեկին, ում ոչ ոք չի ճանաչում: Տարվա վերջին օրը երևի մեր  Նոր տարին էին շնորհավորում, էլի… իսկ դրանից երկու օր առաջ նախարարը տնօրենին շնորհավորել և  բեղմնավոր ստեղծագործական աշխատանք էր մաղթել… Հետո փոխտնօրենը զանգում-ասում է՝ տեղդ ազատի՝ մարդու եմ ուղարկում»,- նշեց Ռաֆայել Գրիգորյանը:

Կապ հաստատեցինք ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի հետ, ով ասաց, թե ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել:

«Ըստ օրենքի՝ Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 28-ին: Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ ում ժամկետն ավարտվում է, ավտոմատ չենք շարունակում, նշանակում ենք նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնին, ապա այն բազմաթիվ խնդիրներ ունի՝ և՛ ֆինանսական և՛ ոչ ֆինանսական: Անհասկանալի է, թե այդ թատրոնն ինչո՞վ է զբաղված: Ստանում է սուբսիդիա, պետք է ունենա տարեկան աշխատանքային պլան, ներկայացումների ցուցակ, բայց  ներկայացումները լցնում է լրացուցիչ պլանի հաշվին, որն էլի նախարարությունն է տալիս, որպեսզի մարզերում ներկայացումներ կազմակերպի:

Ըստ մեր քաղաքականության՝ պահելու ենք այն ՊՈԱԿ-ները, որոնք մշակույթի, արվեստի ոլորտում ինչ-որ առանձնահատկություն ունեն, հատկապես՝ թատրոնները: Կրկնվող և անհասկանալի աշխատանքային պլանով աշխատելու դեպքում օպտիմալացման խնդիր է առաջանում: Բայց քանի որ այդ թատրոնի վրա ահագին աշխատանք է տարվել, ունեցել են լավ ներկայացումներ, որոնք հիմա չեն խաղում, մտածեցինք, որ միգուցե պետք է փորձենք, տեսնենք՝ կարո՞ղ ենք շունչ տալ, թե՞ ոչ:

Սրա միակ ձևն այն է, որ պայմանագիրը չենք շարունակում, նշանակում ենք մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում կարողանա մեզ ցույց տալ՝ թատրոնի հետ մի բան կարելի՞ է անել, թե՞ լուծարվելու է: Ես ցանկանում եմ փրկել  թատրոնը, որի հիմնական ուղղվածությունը լինելու է մանկական ներկայացումները»,- ասաց Նազենի Ղարիբյանը՝ ընդգծելով, որ Գայանե Կարապետյանին ժամանակին են ծանուցում ուղարկել:

«Օրենքով առնվազն 10 օր առաջ պետք է ծանուցել, իսկ մենք մեկ ամիս առաջ ենք դա արել: Թատրոնին նոր ծրագիր, պլան է անհրաժեշտ: Մարզեր գնալու մասով էլ ասեմ, որ այդ մենք ենք իրենց այնտեղ ուղարկում, որ գոնե գործ ունենան անելու: Լրացուցիչ գումար ենք տալիս, ուղարկում մարզեր: Բայց մարզերից գալիս են, լրացուցիչ ներկայացումները դնում պլանի մեջ, ներկայացնում մեզ: Մինչև հիմա աչք են փակել, ես չեմ փակում: Կներեք, բա ինչո՞ւ եմ ընդունվել աշխատանքի»:

Ինչ վերաբերում է աուդիտին՝ Մշակույթի նախարարի տեղակալն ասաց, որ դրանով չի վախեցրել. «Ասել եմ՝ նույնիսկ ձեզ փրկում եմ, եթե լինեք, ու աուդիտ ուղարկենք, ավելի վատ կլինի ձեզ համար: Աուդիտը, ի դեպ,  հաստատ լինելու է: Մենք պետք է հասկանանք, թե այսքան տարի այդ թատրոնն ինչո՞վ է զբաղվել»,- նկատեց Նազենի Ղարիբյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս