Բաժիններ՝

«Լիդիանի» դեֆոլտից ոգևորվելու իմա՞ստը

Մինչ Ամուլսարի շուրջ կառավարությունը շարունակում է պահպանել անհասկանալի լռություն, «Լիդիան» ընկերությունն անցյալ ամիս հրապարակել էր մամուլի հաղորդագրություն, որտեղ, ի թիվս այլ հավանական զարգացումների, չէր բացառում, որ դեկտեմբերի 20-ից հետո, եթե ընկերության վարկատուները համաձայնության չգան մարումները հետաձգելու շուրջ, ընկերությունը, հնարավոր է, դեֆոլտի գնա: Այս մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս նոյեմբերի 11-ին:

Երեկ հայկական բնապահպանական ճակատը բավական ոգևորությամբ է անդրադարձել արդեն 1 ամսվա վաղեմության այս հայտարարությանը՝ կոչ անելով կառավարությանը թույլ չտալ «Լիդիանի» մուտքը տարածք՝ այդպիսով նպաստելով, որ «Լիդիանը» դեֆոլտի առաջ հայտնվի:

Պետք է ասել, որ ի տարբերություն ակտիվիստների, ու նրանց այս մեկուկես տարում ըստ էության աջակցած կառավարությանը, բազմաթիվ փորձագետներ և տնտեսական գործիչներ միշտ զգուշացրել են, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը խստագույնս հարվածում է երկրի հեղինակությանը և տնտեսությանը, ինչի համար նման կարծիք արտահայտողները ակտիվիստների կողմից արժանացել են տարբեր մեղադրանքների:

Բայց նույնիսկ ոչ տնտեսագետի համար պարզ է այն, ինչը շատերի համար պարզ էր հենց սկզբից՝ որքան ձգվեց այս իրավիճակը, այնքան այն ավելի խորացրեց երկրի հեղինակության, ներդրումների համար վտանգավոր ու անկանխատեսելի երկրի իմիջը, կորսվեցին միլիոնավոր դոլարների ներդրումներ, կրճատվեցին աշխատատեղեր, բյուջե չմտան միլիոնավոր դոլարների հարկեր:

Այսօր էլ ստիպված ենք հիասթափեցնել դեֆոլտի հեռանկարից ոգևորված ակտիվիստներին: Արդեն իսկ այն, որ երկրի խոշորագույն ներդրողը հայտարարում է, որ տևական ապօրինության պատճառով կարող է դեֆոլտի գնալ, երկրի տնտեսության ու հեղինակության համար մեծ հարված է:

Դե, իսկ դեֆոլտի մասին հայտարարումը բոլորովին չի նշանակում, որ «Լիդիանի» ներդրողները «խելոք հավաքելու են վեշերը ու գնան տուն», ինչպես հանրությանը շարունակում են մոլորության մեջ գցել ակտիվիստական շրջանակները:
Այն ավելի է մեծացնելու միլիարդավոր դոլարների արբիտրաժային գործընթացի հավանականությունը:

Դեռևս մի քանի ամիս առաջ մեր թերթին տված հարցազրույցում իրավաբան Վահագն Դալլաքյանը բացատրել էր, որ արբիտրաժային գործընթաց կարող է սկսել ոչ միայն «Լիդիանը», այլև նորդրողները՝ որպես առանձին հայցվոր:

Հետևաբար այդ ոգևորությունը, մեղմ ասած, տեղին չէ և անհասկանալի է: Ամուլսարի շուրջ իրավիճակն արդեն իսկ հսկայական վնաս է հասցրել պետությանը ու դեռևս հայտնի չէ, թե որքանի կհասցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս