««Լիդիանի» բոլոր ներդրողներն իրավական բոլոր հիմքերն ունեն նախաձեռնելու արբիտրաժային գործընթաց». Վահագն Դալլաքյան
«Լիդիան Արմենիայի»՝ դատարան գնալու իրավական հիմքերի և Ամուլսարի վերաբերյալ այս օրերին արծարծվող այլ իրավաբանական հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Դալլաքյանի հետ:
– Պարոն Դալլաքյան, «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող քննարկումները վերջին շրջանում նաև իրավական հարթության վրա են ծավալվում: Օրինակ, հաճախ է հնչում այն պնդումը, որ «Լիդիան Ինթերնեյշնլը», ըստ էության, չի կարող դիմել արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով, որ Ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, իսկ «Լիդիան Ինթերնեյշնլի» Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված դուստր ընկերությունները ստեղծվել են այն ժամանակ, երբ արդեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները շրջափակված են եղել ակտիվիստների կողմից: Արդյոք կարո՞ղ է «Լիդիանը» դիմել արբիտրաժ:
– Ըստ «Լիդիանի» հայտարարության, ՀՀ կառավարությանն այս տարվա մարտին վեճի առկայության մասին ծանուցել է ոչ թե Ջերսիում գրանցված «Լիդիան Ինթերնեյշնլը», այլ վերջինիս դուստր ընկերությունները՝ գրանցված Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Հետևաբար՝ հենց այս ընկերություններն են հանդես գալու որպես հայցվոր՝ հնարավոր արբիտրաժի դեպքում։
Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ կնքել է ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագրեր, որոնք նշված դուստր ընկերություններին իրավունք են տալիս ներդրումային վեճի քննությունը հանձնել միջազգային արբիտրաժին, ուստի, այո, կարծում եմ, որ «Լիդիանը» կարող է դիմել արբիտրաժ, ընդ որում, վերջինս արդեն իսկ կատարել է առաջին քայլն այդ ուղղությամբ՝ վեճի առկայության մասին ծանուցելով ՀՀ կառավարությանը։
– Այսինքն՝ նման խոչընդոտ չկա, և «Լիդիանը» կարո՞ղ է դիմել դատարան:
– Կարծում եմ՝ այո, և այստեղ կարևոր նրբություն կա: «Լիդիանը» Տորոնտոյի բորսայում ցուցակված ընկերություն է, որն ունի տարբեր ինստիտուցիոնալ և այլ բաժնետերեր, վարկատուներ: Դրանց մի մասն ամերիկյան, բրիտանական կամ այլ երկրների խոշոր կազմակերպություններ են: Շատերը միլիոնավոր դոլարների ներդրում են արել Ամուլսարի ծրագրում: Օրինակ, ԱՄՆ-ի հետ Հայաստանի կնքած ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով հստակորեն ամրագրված է, որ այդ համաձայնագիրը պաշտպանում է ամերիկյան ընկերությունների ոչ միայն՝ ուղղակի, այլ նաև՝ անուղղակի ներդրումները։
Այսինքն, նշված բոլոր ներդրողները, հիմք ընդունելով իրենց ռեզիդենտության երկրի և ՀՀ-ի միջև կնքված ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրերը, նույնպես իրավական բոլոր հիմքերն ունեն նախաձեռնելու արբիտրաժային գործընթաց: Պարզ ասած՝ սա կարող է վերածվել վեճի ոչ միայն՝ «Լիդիանի», այլ նաև՝ «Լիդիանի» բազմաթիվ ներդրողների հետ։ Կարծում եմ՝ այս հանգամանքը ևս պետք է գիտակցել և հաշվի առնել:
– Այսինքն՝ Հայաստանը կարող է Ամուլսարի գործով մի քանի հայցե՞ր ունենալ։
– Չեմ կարող կանխատեսումներ անել: Բայց դժվար է պատկերացնել, որ իրենց համար անբարենպաստ շրջադարձի դեպքում «Լիդիանում» ներդրում արած ներդրողները պատրաստ են տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դոլարներ կորցնել և դրա դեմ չպայքարել: Հատկապես, երբ բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտարարել են, որ «Լիդիանի» դեմ ուղղորդված արշավ է իրականացվել: Անկախ դրանց փաստարկված լինելուց, սա ևս բավական ամուր հիմք է ստեղծում «Լիդիանի» և վերջինիս ներդրողների համար՝ ապօրինի տարբեր գործողությունների զոհ լինելու մասին պնդումներ անելու և, ինչո՞ւ ոչ, հետաքննություն պահանջելու համար:
– Պարոն Դալլաքյան, մյուս պնդումը, որին կցանկանայինք, որ անդրադառնայիք, հատկապես շատ է բարձրաձայնվում իրավաբան Նազելի Վարդանյանի կողմից: Ըստ որի՝ «Լիդիան Արմենիային» տրված ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը կորցրել է իր ուժը, քանի որ այն տրվել է դեռևս 2016թ. ապրիլի 29-ին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով այն կորցնում է իր ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 2017 թվականի ապրիլի 29-ին: Այս պնդումն իրավական տեսանկյունից հիմնավո՞ր է:
– Ես այդպես չեմ կարծում։ Օրենքի նշված դրույթը ճիշտ կիրառելու համար նախ հարկ է պարզել, թե ինչ է նշանակում ՝«նախատեսվող գործունեություն»։ Մետաղական ընդերքօգտագործման նախագծերի դեպքում կոնկրետ օգտակար հանածոյի կորզմանը նախորդում է հանքի շինարարության փուլը, որը նույնպես նկարագրվում է ընդերքօգտագործման նախագծում և ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության։ Այսինքն՝ «նախատեսվող գործունեություն» ասելով՝ պետք է հասկանանք այն ամենը, ինչը նկարագրված և ընդգրկված է ընդերքօգտագործման նախագծում, իսկ շինարարության փուլը, ինչպես նշեցի, այդ ընդհանուր նախագծի բաղկացուցիչ մասն է։
Հետևաբար՝ եթե «Լիդիանը» ՇՄԱԳ եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում սկսել է հանքի շինարարությունը, իսկ իմ տեղեկություններով՝ դա այդպես է, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ ընկերությունը «սկսել է նախատեսվող գործունեության իրականացումը», ուստի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասն այս դեպքի նկատմամբ կիրառելի չէ։