«Մենք որոշեցինք պայքարել ոչ թե այն դատավորների դեմ, ում համարում ենք վատը, այլ վատ օրենքների». Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանի
Հայաստանում իշխանություններն օր առաջ փորձում են օրենքի ուժ տալ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերին, որով հնարավորություն են տալու Սահմանադրական դատարանի դատավորներին գնալ վաղաժամ կենսաթոշակի՝ ապահովվելով ոչ միայն կենսաթոշակով, այլև պաշտոնը ստանձնելու պահին իրենց ունեցած աշխատավարձով ու պարգևավճարներով:
Իշխանությունների պնդմամբ՝ սա դատաիրավական բարեփոխման ճանապարհին հստակ քայլ է: Հակառակ ճակատն էլ իշխողների կոչերին ու ելույթներին հղումներ տալով՝ փաստում է, որ սա «քաղաքական խաղ» է՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու ու բարձր դատարանը նոր՝ իշխանությանը հաճելի դատավորներով համալրելու գործում:
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու փորձ եղել է նաև հարևան Վրաստանում: 168.am-ի՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու հնարավոր հետևանքների հարցին ի պատասխան՝ Վրաստանի փորձի մասին հիշատակեց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
«Անցյալում մեր կառավարությունը, որը դատական իշխանության բարեփոխումներն էր իրականացնում, բոլոր դատավորներին տուն էր ուղարկում, ու նրանց փոխարինում էր նոր դատավորներով: Այդ բարեփոխումների մի մասն աշխատում էր, մի մասը՝ ոչ»,- ասաց Թեա Ցուլուկիանին՝ հավելելով, թե Հայաստանում այդ նախագծի իրականացման հետևանքների մասին ոչ ոք այժմ հստակ չի կարող ասել:
«Վրաստանում կառավարությունը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանում գործող դատավորներին, անցյալում առաջարկել էր գնալ վաղ կենսաթոշակի ու թողնել իրենց աշխատանքը: Նրանցից ոմանք կամավոր սկզբունքով կայացրեցին նման որոշում, գնացին կենսաթոշակի ու շատ երջանիկ էին այդ որոշումը կայացնելու համար, մյուսները՝ հրաժարվեցին»,- ասաց Վրաստանի արդարադատության նախարարը՝ նկատելով, որ այդ քայլը գուցե ինչ-որ չափով աշխատել է, բայց իր դիտարկմամբ՝ այն այնքան էլ հաջող որոշում չէր:
Թեա Ցուլուկիանին պատմեց, որ երբ 2012 թվականի նոյեմբերին իր թիմի հետ իշխանության էր եկել, դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ձևի ընտրության առջև էին հայտնվել. կա՛մ պետք է դատական համակարգի նոր կառուցվածք ստեղծեին՝ թույլ տալով բոլոր դատավորներին հեռանալ ու նրանց նորերով փոխարինել, կա՛մ պետք է բարեփոխեին ոչ թե մարդկանց, այլ օրենքները՝ խրախուսելով մարդկանց հետևել օրենքներին: Նրա խոսքով՝ թիմում բավականին կոշտ բանավեճ է տեղի ունեցել, ինչից հետո, վերլուծելով իրենց ազգային լավ ու վատ փորձը, ազդեցությունները, արդյունքներն ու հետևելով այժմ իշխող կուսակցության նախագահի խորհրդին, որոշել են բարեփոխել դատական համակարգը և «պայքարել ոչ թե այն դատավորների դեմ, ում մենք համարում ենք վատը, այլ վատ օրենքների»:
Վրաստանի արդարադատության նախարարը վկայակոչեց նաև այդ շրջանում Վենետիկի հանձնաժողովի հետ իրենց քննարկումները՝ ասելով, որ հանձնաժողովն իրենց որոշ քայլեր բարձր էր գնահատում, իսկ որոշ քայլեր էլ որևէ գնահատականի չէին արժանանում:
«Կարող եմ ասել, որ ինձ այնքան էլ չէր մտահոգում այն, որ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը 100 տոկոս դրական չէր: Մենք պետք է անենք ամենալավը մեր երկրի համար, ու պատասխանատու լինենք հաջորդ սերունդների, ոչ թե Վենետիկի հանձնաժողովի առաջ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Թեա Ցուլուկիանին՝ միաժամանակ հավելելով, որ չափազանց կարևոր է այլ կարծիքներ լսելը:
Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝ 2012թ. Սահմանադրական դատարանի վերաբերյալ իրենց կայացրած որոշման արդյունքում՝ այսօր վրացիների 52 տոկոսը կարծում է, որ Վրաստանի դատական համակարգն այսօր ավելի անկախ ու վստահելի է, քան նախկինում էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում