«Ես ուզում եմ սա հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝ սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:
«Ամենևին մտադիր չեմ արձանագրել, թե այս խնդրի լուծումը միայն պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այս առումով շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք հետևողական անելու ենք. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության, հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս և դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ, ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հատուկ քննչական ծառայությունն այն մարմինն է, որ քննում է Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա է, որովհետև , այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ անկախությունը ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն: Ինչպես ժամանակին ասում էին առանձին վերցրած երկրում սոցիալիզմ կառուցել հնարավոր չէ, այնպես էլ առանձին վերցրած մարմնում օրինականություն, անկախություն, արդարություն կառուցել հնարավոր չէ: Համոզված եմ, որ այսօր Հայաստանում Հատուկ քննչական ծառայության գործունեության կամ ավելի ճիշտ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների, հանցանքների հետաքննության համար, քննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները»,- նշեց ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, երբ խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով սովորաբար, երբեմն, ընկալվում է, որ նկատի ունեն միայն նախկին պաշտոնյաներին: «Եվ ես ուզում եմ այսօր այս առիթն օգտագործել արձանագրելու համար, որ, գուցե, սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերվի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը չարաշահումների նոր անձնակազմով փոխարինելու ձգտում: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի նույնիսկ լուռ մեկնաբանություն իրավիճակի ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես համոզված եմ, որ մենք և ընդհանրապես մեր կառավարության ներկայացուցիչներն այս մարտահրավերը շատ լավ հասկանում են»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նկատեց, որ շատ է խոսվում այն մասին, թե ինչպե՞ս է գործում իրավապահ համակարգը: «Ես ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ, ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ կոռուպցիոն գործերի և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Բայց սա քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայական աշխատանք է կատարված: Այսօր մեր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Այսօր, երբ ուսումնասիրում ենք մեր քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում: Եվ իսկապես այս աշխատանքի համար ես կուզենայի նախ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը, բայց մյուս կողմից սա, այսպես ասած, սխալ չընկալվի՝ յուրահատուկ մեր պետական «գողգոթայի ճանապարհն» է, և մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքի: Իհարկե, մենք պետք է մտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Եվ Հատուկ քննչական ծառայության պետն այս հարցն անընդհատ բարձրացնում է կառավարության առաջ, և ինչպես կարող եք կռահել, միշտ չէ, քոր ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց ուզում եմ ասել, որ այս օրակարգը շատ կարևոր է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած թվերին, ըստ որոնց ՀՔԾ-ի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարիների ընթացքում: Վարչապետի խոսքով՝ դա սենսացիոն փաստ է: «Ես ուզում եմ սա հրապարակել, որովհետև հանրության շրջանում շատ են քննադատություններ, թե ի՞նչ եղան քննությունները, գործերը, և այդ քննադատություններին, երբեմն, ես էլ եմ որոշակի շարունակություն տալիս, բայց այս փաստը վկայում է, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարվում: Բայց այսպիսի քննադատությունները և մտավախությունները, երբ հնչում են, ոչ թե խնդիրն այն է, որ մարդիկ մտածում են, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այսքան վնաս վերականգնվեց և ինչո՞ւ այն մեծ կամ մյուս մասը չվերականգնվեց, այլ այն է, որ մարդիկ իրենց տրամաբանությամբ մտածում են, որ հեղափոխությունից հետո մի ամիս, մի տարի, տարի ու կես հետո բոլորը կմոռանան, թե ինչի համար ենք հավաքվել և տեղի կունենա դարձ ի շրջանս յուր, այսինքն, մենք նորից կընկնենք հին տրամաբանության մեջ: Բայց ես ուզում եմ այս ամբիոնից և հույս ունեմ նաև ձեր անունից հավաստիացնել, որ ոչ ոք չի պատրաստվում ոչինչ մոռանալ, կորցնել օրակարգը: Մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»,- ասաց ՀՀ վարչապետը: