«Մենք չէինք գնացել Բաքու այն ակնկալիքով, որ մեր այցից հետո իրենց վերաբերմունքը փոխվելու է». Էդգար Էլբակյան

Նոյեմբերի 17-21-ը հայ և ադրբեջանցի լրագրողները համապատասխանաբար այցելել են Բաքու, Երևան և Ստեփանակերտ: Մասնավորապես, Բաքու են այցելել Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Մեդիամաքս գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը: Ադրբեջանական կողմից Երևան և Ստեփանակերտ են այցելել Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կավկազա):

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ։

168.am-ի հետ զրույցում Էդգար Էլբակյանն անդրադառնալով Բաքու կատարած այցին՝ նշեց, որ ընդհանուր առմամբ այցը լավ է անցել, հանդիպել են հասարակական կազմակերպության, լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ, էքսկուրսիոն բնույթի այցեր են ունեցել նաև Հեյդար Ալիևի կենտրոն, արտադրական նշանակության որոշ շենքեր։

«Ամենաշատը մենք հաղորդակցվում էինք մեր էքսկուսավարի և անվտանգության աշխատակիցների հետ, նրանց կողմից որևէ անբարյացակամություն չի եղել։ Թե իրականում այդ մարդիկ ինչ էին զգում ներքուստ մեր՝ հայերիս հանդեպ, կդժվարանամ ասել»,- ասաց Էդգար Էլբակյանը։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Արցախի հակամարտության թեմայով զրույցներ եղել են, որոնք շատ չեն տարբերվել տարբեր տարիների ընթացքում պետությունների  ղեկավարների կողմից տարվող բանակցություններից։

«Նրանք մեզ առաջարկել են զորքերը դուրս բերել ազատագրված շրջաններից, փախստականները վերադառնան իրենց տեղերը, այնուհետև անորոշ ժամանակ անց անցկացվի հանրաքվե Արցախի կարգավիճակի հարցով։ Իսկ մենք պատասխանել ենք, որ վստահության ամրապնդման համար, առաջին հերթին՝ չպետք է խախտեն հրադադարի ռեժիմը և չկրակեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ Է. Էլբակյանի, այցի նպատակը պետությունների ղեկավարների՝ արդյունքում հրապարակված հայտարարության մեջ էլ է գրված եղել՝ այն է, որ հումանիտար խողովակով երկկողմ շփումներն ակտիվացվեն, այցն էլ դրա դրսևորումներից մեկն էր, հնարավորություն ստեղծելով միմյանց ներսից տեսնելու ու ճանաչելու համար։

«Մենք չէինք գնացել Բաքու այն ակնկալիքով, որ մեր այցից հետո իրենց վերաբերմունքը փոխվելու է, մենք հստակ խնդրով էինք գնացել, որը որպես լրագրողներ՝ կարծում եմ՝ բարեհաջող կատարեցինք։ Նման փոխայցելություններից չափազանցեցրած ակնկալիքներ ունենալն անիմաստ է։ Կոնկրետ ինձ այս այցը հնարավորություն տվեց՝ այնտեղ չլինելով ուսումնասիրածս համադրել արդեն այնտեղ տեսածիս հետ։ Եթե կրկին առաջարկ լինի այցի՝ կգնամ»,- եզրափակեց Էդգար Էլբակյանը։

Նշենք, որ Արցախ այցից հետո ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովը նկարներ է հրապարակել Քարվաճառից և Շուշիից որոնք մակագրել է. «Մեր հայրենի հող Քելբաջար, Ադրբեջան», «Մեր հայրենի հող Շուշա, Ադրբեջան»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս