Ինչո՞ւ է ՀՀ-ն շարունակում դեմ քվեարկել հակառուսական բոլոր բանաձևերին միջազգային հարթակներում

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն չի փոխում Ղրիմի շուրջ ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերյալ իր ավանդական դիրքորոշումը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով հակառուսական փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ է քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ միջազգային կարևոր հարթակներում ՀՀ-ն աջակցում է իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ քվեարկելով հօգուտ ռուսական շահերի, վտանգի տակ դնելով իր հարաբերություններն այլ երկրների, մասնավորապես՝ Ուկրաինայի հետ: Նման հարթակներում Հայաստանի քվեարկության ավանդույթները փոխանցվել են ներկայիս իշխանություններին, որոնց շարքում ներկայումս հայտնված մի շարք գործիչներ մեկ անգամ չէ, որ քննադատել են նախկին իշխանություններին ռուսահպատակ քվեարկության համար:

ՀՀ ներկայիս իշխանությունները, որոնք ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն ինքնիշխանությունն են հռչակել, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից հետո շեշտում էին արտաքին քաղաքական վեկտորները չփոխելու իրենց հաստատակամության մասին՝ զուգահեռաբար ակնարկելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը լինելու է ավելի հավասարակշռված, արժանապատիվ և ՀՀ շահերը սպասարկող: ՄԱԿ-ի վերջին քվեարկությանն է անդրադարձել նաև ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ժամանակ առ ժամանակ Ուկրաինային Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման, զենքի վաճառքի մեջ մեղադրող Հայաստանն այս էլ որերորդ անգամ դեմ է քվեարկում այդ երկրի համար կենսական, անվտանգային նշանակություն ունեցող բանաձևին: Ակնհայտ է, որ այդ քվեարկությունը որևէ կերպ չի փաստարկվում կամ հիմնավորվում Հայաստանի պետական շահով, այլ ընդամենը նպատակ ունի աջակցել Ռուսաստանին: Այս գործելաոճը տարիներ շարունակ կիրառում էին նախկին իշխանությունները՝ արժանանալով կոշտ քննադատության նաև նրանց կողմից, ովքեր այսօր իշխանության կազմում են և մշակում ու իրականացնում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այսպիսով, Հայաստանը հերթական անգամ իր քվեարկությամբ հայտնվում է աշխարհի հետնախորշում գտնվող երկրների հետ նույն հարթությունում՝ չօգտվելով անգամ գոնե ձեռնպահ քվեարկելու հնարավորությունից»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում իշխանական ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նախկինում բազմիցս քննադատել է ՀՀ նախկին իշխանությունների այս մոտեցումը: Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր. «Ես հասկանում եմ՝ ինչու է Հայաստանն այդպես վարվում: Համաձայն չեմ, բայց հասկանում եմ: Սակայն այն նպատակը, որ իրենց առջև դրել են Հայաստանի իշխանությունները՝ անընդհատ պաշտպանել Ռուսաստանին, իր արդյունքը չի տալիս: Եթե այս քաղաքականությունն արդյունք չի բերում, ուրեմն այն պետք է փոխել»:

Հայաստանում քիչ չեն վերլուծաբանները, որոնք հայաստանյան այս քվեարկությունը սովորաբար պատճառաբանում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումներով՝ զուգահեռներ տանելով Ղարաբաղի և Ղրիմի միջև: Սակայն Ղարաբաղյան հակամարտությունն ու Ղրիմի շուրջ զարգացումներն ու շեշտադրումներն անհամեմատելի են: Այս առնչությամբ ևս Հովհաննես Իգիթյանն իր անդրադարձերից մեկում նշել էր. «Եթե Հայաստանը նույնացնի Ղրիմը Լեռնային Ղարաբաղին, պարզ է, որ Ուկրաինան, Ադրբեջանը և արդեն նաև Վրաստանը կարող են միավորվել և ասել, որ այս բոլոր հիմնախնդիրները նման են, և մի կողմից՝ Ռուսաստանն է «օկուպացրել», բայց մյուսն «օկուպացված է» Հայաստանի կողմից: Հարցն այն է, որ ոչ թե պետք է փնտրես խմբակային մոտեցումներ՝ կապված տարբեր կոնֆլիկտների հետ, այլ փորձես ճիշտ ներկայացնել քո կոնֆլիկտը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն իր մեթոդաբանությամբ որևէ կապ չունի Ղրիմի հետ: Եթե փորձենք նմանատիպ կոնֆլիկտներ գտնել, ապա Ղարաբաղի հարցը մի քիչ նման է Կոսովոյին՝ այն էլ միայն մի տարրով, որ թե՛ Կոսովոյում, թե՛ Լեռնային Ղարաբաղում տեղական բնակչության անվտանգության խնդիր կար և կա, և միջազգային հանրությունը, Կոսովոյի անկախությունը ճանաչելուց բացի, այլ տարբերակ չի գտել Կոսովոյի բնակչության անվտանգության հարցը լուծելու համար: Բայց Հայաստանը երբեք Կոսովոյի հարցում միջազգային հանրության հետ միասին չի քննարկել այդ հարցը»:

Հարկ է հիշել նաև 2019թ. ապրիլին ԵԽԽՎ-ում՝ «ո՞ւմ է պատկանում Ղրիմը» հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին ի պատասխան՝ նա ասել էր. «Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև»։ Նա նշել էր, որ իր համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան ու ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար։

«Աշխարհում չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով, և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, փորձում ենք, որովհետև ես վստահ չեմ, որ միշտ է հաջողվում։ Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են։ Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև, երբեմն ստիպված ես լինում այնպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը՝ գլոբալ ընտրությունը, խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը և զարգացումը»,- նման պատասխան էր տվել Փաշինյանը:

«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ այդ քվեարկությունը խոսում է այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվել և չէր էլ կարող փոխվել: Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՌԴ-ի միակ ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում, ուստի նրանք, ովքեր այլ բան էին ակնկալում, կամ միամիտ են, կամ էլ չգիտեն այն իրավիճակը, որում Հայաստանն է: Վասաձեի որակմամբ՝ արդեն 30 տարի այս տրամաբանությունն է գործում:

««Եվ-և»-ի քաղաքականություն փորձել է ՀՀ-ն իրականացնել նախկին իշխանությունների օրոք, ինչի է դա հանգեցրել, մենք գիտենք, ուստի ես չեմ կարծում, որ հիմա ներկայիս իշխանությունները ռիսկի գնան՝ թեկուզ ինչ-որ բանով նյարդայնացնեն Կրեմլին: Նրանք դա չեն անի»,- ասաց Վասաձեն: Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն անի նման բան, քանի որ Կրեմլը լրջորեն վերահսկում է ՀՀ ներքաղաքական դաշտը, Հայաստանը և Ռուսաստանն ինտեգրված են այնպես, որ Մոսկվան համարյա թե անսահմանափակ հնարավորություններ ունի, և պատիժը կգա անհապաղ: «Երևանում այդ մասին շատ լավ գիտեն»,- ասաց վրացի քաղաքագետը: Հեռանկարում, նրա կարծիքով, Երևանը ստիպված կլինի լուծել շատ լուրջ խնդիր այս հարցում, բայց դա միայն այն դեպքում, երբ փոփոխություններ տեսանելի լինեն ՌԴ-ում, իսկ այս պահին նման բաներ այնտեղ չկան:

Իր հերթին՝ ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե իշխանության փոփոխությունն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, կարող է հանգեցնել արտաքին քաղաքական հնարավորությունների փոփոխության:

«Խոսքը միայն վեկտորների ուղղությամբ հստակեցումների, հնարավորությունների և ցանկության մասին չէ: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ինքնին Հայաստանի պետականությունը, եթե խոսենք ԼՂ հակամարտության մասին, այնպես է դիրքավորված, որ կախված է Ռուսաստանից, և կարելի է իրականացնել 5, 10, 15 հեղափոխություն, բայց ռուսական աջակցությունից կախվածությունը չի փոխվի: Կարելի է նույնիսկ այս հարցը հանրաքվեով անցկացնել, բայց հարցի էությունը չի փոխվելու: Եթե Հայաստանը զրկվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական աջակցությունից, ապա նա հայտնվում է արտաքին քաղաքական լուրջ ապակայունացման վտանգի առջև, մինչև անգամ՝ պատերազմի շեմին: Ես չեմ կարծում, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում Երևանից անակնկալների և դիրքորոշումների փոփոխություն են ակնկալում»,- ասաց Պորտնիկովը:

Տեսանյութեր

Լրահոս