Բաժիններ՝

«Վրացական երազանք»-ից պատգամավորների մի մասը կլքի այն ընտրությունների շուրջ քվեարկությունից հետո

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել է, որ լքում է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։

«Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել է նա:

Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում էր հայտարարությունը, նրա հետ կանգնած էին եւս չորս խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում է յոթ մարդ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել էր օրինագիծը:

Դա առաջ է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս