Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի դիմումը
Արդեն 14 օր է՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչը, սակայն, քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Ռուբեն Խաչատրյանի դիմումը կքննարկվի, երբ Հայկ Մարությանը վերադառնա արձակուրդից, հանդիպի նրա հետ և քննարկեն Կենդանաբանական այգու ապագան և այդ գործում Ռուբեն Խաչատրյանի մասնակցությունը :
Արդեն երեք օր է՝ քաղաքապետը վերադարձել է արձակուրդից, հասցրել է Աշխատանքային խորհրդակցություն ունենալ, սակայն, ինչպես մեզ հայտնեց Հակոբ Կարապետյանը՝ Կենդանաբանական այգու տնօրենի հետ հանդիպում դեռ չի եղել:
Հայտնի չէ նաև, թե ե՞րբ է այն նախատեսվում:
Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, որը, սակայն, խնդրեց դիմել գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 1-ին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հորդորով: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջարկն անելուց առաջ խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Պատճառը թափառող շների՝ երկու օր անընդմեջ հարձակումներն էին այգու կենդանիների վրա, որի հետևանքով անկել էր 3 մուֆլոն և 3 կենգուրու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ