Հայ-ռուսական հարաբերությունների դիսոնանսը

Վերջին մի քանի տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։ Այս ընթացքում երկիրն ապրեց սոցիալ-քաղաքական ցնցումներ, Սահմանադրության և քաղաքական համակարգի փոփոխություն, առճակատվեց ռազմական գործողությունների վերսկսմանն Արցախում, ընդունեց սիրիական պատերազմի փախստական հազարավոր հայրենակիցների, կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներ, վերանայվեցին արտաքին ռազմավարական գերակայությունները և, ամենակարևորը, ՀՀ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն, կամ ավելի պարզ՝ իշխանազավթում, որն իր ակնհայտ հետևանքներն ունեցավ ՀՀ արտաքին վեկտորների վրա։

Ուղղակի միջակյալ հավելենք, որ տարածաշրջանում Հայաստանը ստանձնել է եզակի դեր՝ որպես Ռուսաստանի միակ դաշնակից, միակ երկիրը, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմական բազան, և հարավկովկասյան միակ երկիրը, որն անդամակցում է Ռուսաստանի գլխավորությամբ ձևավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և, արդեն 6 տարի է՝ անդամակցում է ՌԴ-ի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Առանց խորանալու երկու երկրների դարավոր մշակութային կապերի պատմության մեջ՝ պարզապես նշենք, որ, ի տարբերություն իրենց հարավկովկասյան  հարևանների, հայերը երբեք թշնամանք չեն ունեցել Ռուսաստանի հանդեպ՝ չնայած ընդհանուր պատմության որոշ վիճելի ժամանակահատվածների։

Ընդհակառակը, «փրկչի» կերպարը երկար ժամանակ դաջված է մնացել Ռուսաստանի մասին հայերի պատկերացումների մեջ։

Այսօր էլ Ռուսաստանն իր ռազմաբազաներով ներկայացվում է՝ որպես երկրի անվտանգության միակ երաշխավորը, հատկապես՝ հարևան ռազմատենչ, հայերին թշնամի հռչակած Ադրբեջանի և ազգայնական, անհանդուրժող և անկանխատեսելի Թուրքիայի ներկայության պարագայում։ Այս համատեքստում կարևոր է փաստել, որ ՀՀ-ում տեղի ունեցած այս «հեղափոխությունն» առաջին հերթին իր ազդեցությունն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դա առաջին հերթին պայմանավորված էր այն փաստով, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում ՀՀ ներքաղաքական դաշտում ընդգծված հակառուսական գործիչ էր, իսկ նրա՝ վարչապետ դառնալու փաստը ռուսական կողմի համար ուներ բավականին վերապահումներ։

Իսկ Փաշինյանի թիմի որոշ անդամների՝ տարբեր առիթներով հնչեցրած հակառուսական հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀ ներկայումս իշխող քաղաքական թիմում այդքան էլ լոյալ չեն ռուսական կողմի հետ տարվող քաղաքական օրակարգի հետ։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն ու թիմակիցները հնարավոր բոլոր տարբերակներով ցուցադրում են իրենց վերաբերմունքը ռուսական կողմի նկատմամբ (վրացական պառլամենտում տեղի ունեցած հակառուսական գործողությունների ժամանակ դահլիճը լքելը, ՌԴ-ի վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի քվեարկությունը, ակնհայտ հակառուս պաշտոնյաների նշանակումը, հայկական հեռուստատեսային թվային մուլտիպլեքսից ռուսական պետական ալիքների հնարավոր արգելափակումը և այլն)։

Այս ամենի հետ մեկտեղ՝ տրամաբանական է, որ ՌԴ-ի կարգի գերտերության ղեկավարն իր ցանկացած գործողություն անելուց առաջ պետք է հաշվի առնի ընդհանուր աշխարհաքաղաքական շահն ու գնահատի բոլոր հնարավոր ռիսկերը։ Ուստի բնավ էլ պատահական չէ, որ հայկական իրականությունում շրջանառվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, Հարավկովկասյան երկաթուղիների շահագործման վերաբերյալ հայտնի խնդիրը, որի՝ իրականության համապատասխանելու դեպքում Հայաստանը փաստացի կկանգնի իրական անվտանգության սպառնալիքի առաջ։

Կամ, ասենք, անընդհատ խոսվում է առաջիկայում գազի գնի բարձրացման մասին, նշվում է գազի գինը մինչև 30-35 տոկոս բարձրացնելու մասին։ Սրանք հարցեր են, որոնց հայտնվելը բնավ էլ պատահականություն չի կարելի համարել, քանի որ քաղաքականության մեջ երբեք ու ոչինչ չի մոռացվում։ Հայ-ռուսական հարաբերությունների նմանատիպ ընկալումը հաճախ հիմնվում է այն փաստարկների վրա, որ էական բնական պաշարներից զուրկ փոքրիկ հանրապետությունն իրականում անհետաքրքիր է արևմտյան երկրների համար, նույնիսկ՝ որպես հարավային միջանցքի տարանցիկ գոտի՝ ելնելով նրանից, որ երկրի արևելյան և արևմտյան սահմանները փակ են թուրք-ադրբեջանական բլոկադայի հետևանքով։ Այնինչ, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ավելի արժեքավորված է հյուսիս-հարավ առանցքի վրա, այսինքն՝ ռուսական և իրանական շահերի համար։ Ռուսաստան-Արևմուտք առճակատման լույսի ներքո նկատելի է հարավկովկասյան «աշխարհաքաղաքական խաչի» տեսության վերակենդանացումը, որը մոռացվել էր 2010 թ. ռուս-ամերիկյան հարաբերական մերձեցումից և Իրանի հանդեպ սանկցիաների վերացումից հետո։

Ահա այս ամենը հաշվի առնելով՝ օրերս իր հարցազրույցներից մեկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի ուշագրավ դիտարկում էր արել, որը գրեթե ամփոփ ներկայացնում է ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր պատկերը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է լինում, որ Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ կարողանում է թափանցիկ կերպով ասել իր դիրքորոշումը՝ միաժամանակ չկորցնելով բարիդրացիական հարաբերությունները, ինչպես է դա հաջողվում, ՌԴ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է․

«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր դիվանագետ կարևորի և գնահատի սեփական երկրի քաղաքական շահերը, միշտ չէ, որ դու միանգամից պատասխանում ես քո հասցեին հնչած վիրավորանքին, հաճախ կարիք է լինում ավելի խորքային ուսումնասիրություն անել և գնահատել իրավիճակի ճշմարտացիությունը։ Շատ հնարավոր է, որ դա արվում է քեզ թերագնահատելու և ռեակցիայի ուսումնասիրության համար՝ հետագայում հենց քո դեմ օգտագործելու նպատակով։ Իսկ երբ հարվածում են քո իրական ազգային արժեքներին, և այնպիսի բաների, որոնք քո համար ունեն սկզբունքային նշանակություն, իհարկե, պետք է պատասխանել»։ Համաձայնեք, որ այս խոսքերը լսելուց հետո բավականին լուրջ խորքային վերլուծությունների ու բովանդակային վերլուծության կարիք է առաջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ծանր ու թեթև անելու համար։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս