Փաշինյանի գրառումների համար վաղուց պետք է քրեական գործ հարուցված լիներ. Բոլորին մեսիջ է տրված. Նինա Կարապետյանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ պաշտոնական հայտարարությամբ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանի կողմից հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։

«Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։

Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»,- նշված էր Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին սպառնացել էր իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։

Քանի որ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը «ժողովրդավար բաստիոն» և իրավական պետություն է, հետևաբար՝ նման պետությունում իրավապահների կողմից ի՞նչ գործողություններ պետք է հետևեին նրա այս հայտարարությանը,  հատկապես՝ Մայր Աթոռի տարածած հայտարարությունից հետո։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի բնորոշմամբ՝ նման իրավիճակում իրավապահ և առհասարակ արդարադատության համակարգն արագ, ոչ թե երեկ կամ այսօր, այլ նրա առաջին իսկ հակասահմանադրական բնույթով գրառումից կամ հայտարարությունից հետո, պետք է անմիջապես քրեական գործ հարուցեր։

«Նիկոլ Փաշինյանի այդ գրառման մեջ կային մի քանի էլեմենտներ, որոնք օրենքով արգելված են։ Նախ, միջամտություն էր արվում կրոնական կազմակերպության գործունեությանը։ Երկրորդը՝ խտրական վերաբերմունք կար՝ հարցեր էին բարձրացվում ու այնպիսի հայտարարություններ էին արվում, որոնք այնպես չէին, որ մյուս կրոնական կառույցների հետ կարող էին կապ չունենալ, օրինակ, ինչ-որ երկրի ագենտ լինելը։ Բազմաթիվ դրվագներով այնպիսի հայտարարություններ են արվել, որ եթե մենք լինեինք իրավական պետություն, ունենայինք արդարադատության համակարգ կամ համակարգ էլ չունենայինք, ունենայինք գոնե մեկ քննիչ ու դատախազ, վաղուց արդեն պետք է քրեական գործը հարուցված լիներ, ընթացքն էլ տրված լիներ։ Բայց այդ ամենը չի կարող տեղի ունենալ, որովհետև այդ ամբողջ համակարգը գտնվում է մեկ անձի ձեռքում և այդ անձը Նիկոլ Փաշինյանն է»,- 168.am հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը շեշտեց, որ այս ամենը մեկ քայլով արվող գործողություն չէ, եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին նախորդել էին մի քանի այլ իրավիճակներ՝ տարբեր մարդկանց ձերբակալություններ, քրեական գործերի հարուցում, ԱԺ-ում՝ թիրախավորված, արդարադատության բոլոր հնարավոր կանոնները խախտող ինչ-որ որոշումների ընդունում, արդարադատությանը միջամտող որոշումների կայացում, որոնք այս պահին ոչ մի քննիչ ու դատախազ խիզախություն չի ունենալու փակել։

«Բոլորին մեսիջ է տրված, թե իրենց հետ ինչ կարող է լինել, եթե հանկարծ համարձակվեն հակառակվել գործող իշխանություններին։ Ես ասում էի, որ մենք ապրում ենք ավտորիտար երկրում, բայց Նիկոլ Փաշինյանը ձգտելու է դեպի դիկտատուրա՝ սրանք դեպի դիկտատուրա գնալու հաստատուն քայլերն են»,- հավելեց Նինա Կարապետյանցը։

Հարցին՝ եթե չկա իրավական որևէ գործընթաց, ապա ի՞նչ է պետք սպասել՝ բախո՞ւմ, Նինա Կարապետյանցը պատասխանեց՝ հավատում է ժողովրդի իմաստնությանը, բայց նաև փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակներին հասնելու համար՝ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, գնալու է ցանկացած քայլի։

«Ցանկացած մարդ, ով այս պահին դրական ու բարի մղումներով մտածում է , որ սա ինչ-որ մարդկանց փոխելու, ինչ-որ բան բարելավելու, փոփոխություններ բերելու պրոցես է, շատ լավ պետք է հասկանա՝ մասնակից է, հանցակից մի գործընթացի, որն ուղղված է ՀՀ պետականության դեմ։ Հետևաբար, սա չհասկացող մարդկանցից ոչինչ ակնկալել հնարավոր չէ, ցավում եմ, որ նրանք այս աստիճան կորցրել են իրենց գիտակցությունը, անալիտիկ մտածողությունն իրենց մոտ զրոյացել է։ Մնում է հույսը դնել Աստծո վրա, որ կվերադարձնի մարդկանց բանականությունը և թույլ չի տա որևէ բախում, հանցակից ու մասնակից չեն լինի բախման, որի հեղինակն ու հրահրողը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Տեսանյութեր

Լրահոս