Բաժիններ՝

Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Այս մասին հայտնում է  հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ «հրթիռային ուժերը արդյունավետ ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորելով օկուպացված Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանը»։

Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակին՝ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով օդանավակայանի գործունեությունը։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 22-ի լուսաբացին երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններից հետո որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։

Իսրայելի «2-րդ ալիքը» հաղորդել է, որ Եմենից հրթիռ արձակելուց հետո Իսրայելի օդային տարածքը փակվել է։

Հուլիսի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայի նավահանգստին, որը շահագործվում է հութիների կողմից։ Իսրայելական բանակի հայտարարության համաձայն՝ հարվածները թիրախավորել են նավահանգստի ենթակառուցվածքների վերականգնման համար օգտագործվող սարքավորումները, վառելիքի բաքերը, ինչպես նաև նավահանգստի ջրերում գտնվող հութիների նավերը։

«Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակն ավելի ուշ հայտարարել էր, որ հութիները պատասխանել են հարձակմանը՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելով Իսրայելում գտնվող հինգ թիրախի, այդ թվում՝ «Բեն Գուրիոն» և «Ռամոն» օդանավակայաններին և Էյլաթի նավահանգստին:

Հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ պաղեստինցի ժողովրդին աջակցելու իր գործողությունները կշարունակվեն և չեն դադարի մինչև Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը։

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի սկզբից ի վեր հութիներն, ի աջակցություն պաղեստինցիների, տասնյակ հրթիռային հարձակումներ են իրականացրել և շարունակում իրականացնել Իսրայելի ուղղությամբ, որն էլ, իր հերթին, տասնյակ հարվածներ է իրականացնում Հոդեյդայի և Սանայի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս