Բաժիններ՝

Ֆրանսիան կշարունակի աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ֆրանսիան մտադիր է շարունակել աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ չնայած այն փաստին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է դուրս գալ կազմակերպությունից։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մեր շարունակական աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ գիտության, կրթության, մշակույթի և համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանին, չի թուլանա ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալով, ինչը չի թուլացնի մեր նվիրվածությունը նրանց, ովքեր առաջնորդում են այս պայքարը», – գրել է նա X-ում։

Հուլիսի 22-ին Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Թրամփը նման քայլեր էր ձեռնարկել նաև իր նախագահության առաջին ժամկետում և դուրս էր եկել, այդ թվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կլիմայի շուրջ համաձայնագրից։ Նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո վերադարձրել էր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և կլիմայի շուրջ համաձայնագիր։

Այժմ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ դուրս է բերում երկիրը համաշխարհային կառույցներից։ Նա արդեն որոշում է կայացրել երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից, կասեցնել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ֆինանսավորումը։

ԱՄՆ-ն հատկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8 տոկոսը։ Մինչև Թրամփի կողմից ԱՄՆ-ն առաջին անգամ կազմակերպությունից դուրս բերելն այդ ֆինանսավորումը կազմում էր 20 տոկոսը:

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին միացել է 1945 թվականին դրա հիմնադրման ժամանակ և առաջին անգամ կազմակերպությունից դուրս է եկել 1984 թվականին՝ բողոք հայտնելով ֆինանսական ենթադրյալ վատ կառավարման և ԱՄՆ-ի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի պատճառով։ Վաշինգտոնը ՅՈՒՆԵՍԿՕ է վերադարձել գրեթե 20 տարի անց՝ 2003 թվականին, Ջորջ Ու. Բուշի օրոք, որը հայտարարեց, որ կազմակերպությունը համապատասխան բարեփոխումներ է կատարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս