Բաժիններ՝

Արհեստական բանականության գործարան՝ Հայաստանում. Տեխնոլոգիական առաջընթա՞ց, թե՞ թվային կախվածություն․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ «Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի» Կովկասագիտության սեկտորի պաշտոնական տելեգրամյան ալիքին մեկնաբանություն է տվել Team-ի, NVIDIA-ի և Firebird-ի կողմից հայտարարված տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն դոլար արժողությամբ մեգանախագծի վերաբերյալ։ Նա մասնավորապես ասել է՝

Արհեստական բանականության գործարան Հայաստանում. Տեխնոլոգիական առաջընթա՞ց, թե՞ թվային կախվածություն

Երևանի և ԱԲ ոլորտում ամենախոշոր առաջատարներից մեկի՝ NVIDIA-ի միջև 500 միլիոն  դոլարի մեկնարկած երկխոսությունն արդեն իսկ հայտարարվել է որպես «տեխնոլոգիական առաջընթաց» և երկրի պատմության մեջ ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծը։ 2026 թվականին Հայաստանը նախատեսում է գործարկել 100 ՄՎտ-ից ավելի հզորությամբ արհեստական բանականության գործարան, որը հիմնված կլինի հազարավոր Blackwell չիպերի վրա։ Նախաձեռնությունը տպավորիչ է իր մասշտաբով և ներուժով՝ լիարժեք տվյալների կենտրոնի ստեղծում, կրթական և ինկուբացիոն ծրագրերի տեղակայում, ներդրումների ներգրավում և ուշադրություն հայկական տեխնոլոգիական կլաստերի վրա։ Սակայն, որքան ուժեղ են խոստումները, այնքան ավելի կարևոր է անհարմար հարցեր տալը։

Թվային ինքնիշխանություն

Ո՞ւմ սեփականությունն է և ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու այս ենթակառուցվածքը։ Ո՞վ կունենա հասանելիություն դեպի նախագծի շրջանակներում պահվող և մշակվող տվյալներ։ Այն դարաշրջանում, երբ արհեստական բանականությունը ռազմավարական վերահսկողության գործիք է, ցանկացած գործընկերություն, հատկապես՝ նման մեծածավալ գործընկերությունը, պահանջում է խիստ իրավական և քաղաքական շրջանակ։ Մինչ օրս հստակ խոսք չկա իրավական պարտավորությունների կամ տեղական վերահսկողության մեխանիզմների մասին։

Աշխարհաքաղաքական մրցակցություն Հարավային Կովկասում

NVIDIA-ի մուտքը տարածաշրջան միայն շուկայի մասին չէ։ Այս քայլը պետք է դիտարկել որպես աշխարհատնտեսական գործողություն, հատկապես Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում ԱՄՆ ներկայության ի հայտ գալու համատեքստում։ Արհեստական բանականության ենթակառուցվածքը բնավ չեզոք միջավայր չէ, այլ քաղաքական ազդեցության պոտենցիալ հարթակ։ Բայց ո՞վ է որոշում խաղի կանոնները երկարաժամկետ հեռանկարում։

Արհեստական բանականություն՝ առանց սուբյեկտիվության

Եթե նախագիծը սահմանափակվի արտահանման և իմիջային էֆեկտներով՝ առանց տեղական կարողությունների իրական աճի հանգեցնելու, ապա Հայաստանը դիմում է ռիսկի՝ այլ ալգորիթմների համար մնալու էլեկտրաէներգիայի և աշխատուժի մատակարար, և ոչ թե՝ արհեստական բանականության միջավայրի սուբյեկտ։

Այո, NVIDIA-ի հետ նախագիծն իրական հնարավորություն է թվում, բայց հնարավորությունը կարող է վերածվել հաղթանակի միայն լավ մտածված թվային ռազմավարության, ենթակառուցվածքների նկատմամբ իրավականորեն ֆորմալացված ազգային վերահսկողության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության աճի պայմաններում հստակ դիրքորոշման դեպքում։

Հիշեցնենք՝ դեռ 2025 թվականի հունիսին Եվրոպայում ստարտափ և տեխնոլոգիական համաժողովի՝ Viva Technology-ի շրջանակում ներկայացվել էր Հայաստանում շուրջ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային մեգանախագիծ: Ասվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, NVIDIA-ի, Firebird-ի և Team Group-ի համագործակցությամբ կառուցվելու է արհեստական բանականության (ԱԲ) լուծումներով աշխատող տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը:

ՀՀ կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և տարածաշրջանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ ներդնելու նպատակով Firebird ընկերությունը 2026 թվականին նախատեսում է գործարկել NVIDIA Blackwell գրաֆիկական հազարավոր պրոցեսորներով հագեցած տվյալների կենտրոն՝ մինչև ավելի քան 100 մեգավատտ մասշտաբավորման հնարավորությամբ: Հայաստանի Հանրապետության, IT և տեխնոլոգիական տեղական և միջազգային անվանի ընկերությունների այս ռազմավարական համագործակցությունը վճռորոշ դեր կունենա երկրի տեխնոլոգիական հուսալի ապագայի կառուցման համար:

Պատրաստեց՝ Զարուհի Դիլանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս